Հոդված 41. Ընդհանուր ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները
Հոդված 41. Ընդհանուր ժողովի` հեռակա կարգով քվեարկությամբ (հարցման միջոցով) ընդունվող որոշումները
1. Ընդհանուր ժողովի որոշումը կարող է ընդունվել առանց ժողով անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման և քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով ընկերության մասնակիցների համատեղ ներկա գտնվելու)` անցկացնելով հեռակա քվեարկություն (հարցման միջոցով): Նման քվեարկություն կարող է անցկացվել փաստաթղթերը փոստային, հեռագրային, հեռատիպային, հեռախոսային, էլեկտրոնային կամ փոխանցվող և ընդունվող հաղորդագրությունների իսկությունը և դրանց փաստաթղթային հաստատումն ապահովող կապի այլ միջոցներով փոխանակելու միջոցով:
Հեռակա քվեարկության (հարցման) ճանապարհով ընդհանուր ժողովի որոշում ընդունելիս չեն կիրառվում սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված ժամկետները:
Հեռակա քվեարկության անցկացման կարգը սահմանվում է ընկերության ներքին փաստաթղթերով, որը պետք է նախատեսի ընկերության մասնակիցներին առաջարկվող օրակարգի մասին պարտադիր ծանուցումը, մինչև քվեարկությունն սկսվելը բոլոր անհրաժեշտ տեղեկատվության և նյութերի հետ ընկերության մասնակիցների ծանոթանալու հնարավորությունը, մինչև քվեարկությունն սկսվելը ընկերության մասնակիցներին փոփոխված օրակարգի մասին պարտադիր ծանուցումը, ինչպես նաև քվեարկության ընթացակարգի ավարտի ժամկետը:
(41-րդ հոդվածը փոփ. 04.11.02 ՀՕ-455-Ն)