Հոդված 11. Ընկերության հիմնադիրը և մասնակիցը
Հոդված 11. Ընկերության հիմնադիրը և մասնակիցը
1. Ընկերության հիմնադիր են համարվում մինչև ընկերության պետական գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք, իսկ ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում` ընկերության ստեղծման մասին որոշում կայացրած անձը:
2. Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:
3. Ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընկերության հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել:
Հայաստանի Հանրապետության անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն կառավարությունը: Համայնքի անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու համաձայնությամբ:
4. Մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները: Ընկերությունը` որպես մեկ հիմնադիր (մասնակից), չի կարող հիմնադրել կամ ունենալ այլ տնտեսական ընկերություն, որը բաղկացած է մեկ անձից:
5. Ընկերության հիմնադիր կամ մասնակից լինելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
6. Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դատական կարգով լուծարվում է, եթե նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև սույն կետում սահմանված քանակը:
(11-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն)