Հոդված 11. Ընկերության հիմնադիրը և մասնակիցը
Հոդված 11. Ընկերության հիմնադիրը և մասնակիցը
1. Ընկերության հիմնադիր են համարվում մինչև ընկերության պետական գրանցման պահն ընկերություն հիմնադրելու մասին պայմանագիր կնքած անձինք, իսկ ընկերությունը մեկ անձի կողմից հիմնադրվելու դեպքում` ընկերության ստեղծման մասին որոշում կայացրած անձը:
2. Ընկերության մասնակից են համարվում ընկերության պետական գրանցման պահից ընկերության բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունք ունեցող անձինք:
3. Ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող են լինել ֆիզիկական և իրավաբանական անձինք, Հայաստանի Հանրապետությունը և համայնքները:
Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ընկերության հիմնադիր կամ մասնակից չեն կարող լինել:
Հայաստանի Հանրապետության անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն կառավարությունը: Համայնքի անունից ընկերության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդես գալ միայն համայնքի ղեկավարը` համայնքի ավագանու համաձայնությամբ:
4. Մեկ հիմնադիր (մասնակից) ունեցող ընկերության մասնակիցն իրականացնում է սույն օրենքով ընկերության հիմնադիրներին (մասնակիցներին) վերապահված իրավունքները և պարտականությունները: Ընկերությունը` որպես մեկ հիմնադիր (մասնակից), չի կարող հիմնադրել կամ ունենալ այլ տնտեսական ընկերություն, որը բաղկացած է մեկ անձից:
5. Ընկերության հիմնադիր կամ մասնակից լինելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով:
6. Ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 49-ը: Հակառակ դեպքում այն մեկ տարվա ընթացքում վերակազմավորվում է բաց բաժնետիրական ընկերության կամ առևտրային կոոպերատիվի: Եթե նշված ժամկետում ընկերությունը չվերակազմավորվի, կամ նրա մասնակիցների թիվը չպակասի մինչև սույն կետով սահմանված քանակը, ապա ընկերությունը ենթակա է լուծարման:
7. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում նրա` որպես այդպիսին գրանցվելու պահից:
Ընկերության մասնակիցների գրանցամատյանի վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ բանկ հանդիսացող ընկերությունների մասնակիցներինը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:
(11-րդ հոդվածը լրաց. 04.11.02 ՀՕ-455-Ն, խմբ., լրաց. 21.12.10 ՀՕ-218-Ն)