Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6.

Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին հոդվածով.

«Հոդված 24.1. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը

1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով, ապա երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն երեխայի (որի ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը, այսուհետ՝ նոր ծնված երեխա) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը (այսուհետ՝ ծնող), եթե՝

1) ծնողը և նոր ծնված երեխան հաշվառված են Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով,

2) նոր ծնված երեխան չունի առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ, բացառությամբ երեխայի խնամակալի (երբ երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է երեխայի խնամակալին),

3) նոր ծնված երեխան չի գտնվում սոցիալական պաշտպանության հաստատությունում,

4) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

5) նոր ծնված երեխայի՝ օտարերկրյա պետությունում ծնված լինելու դեպքում երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ նոր ծնված երեխան ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր, ծնողն ու նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում,

6) օտարերկրյա քաղաքացի ծնողը նոր ծնված երեխայի ծննդյան օրվա դրությամբ առնվազն երեք տարի անընդմեջ հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու օրվա դրությամբ ծնողը և նոր ծնված երեխան գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, և օտարերկրյա պետությունում այդ երեխայի ծննդյան կապակցությամբ միանվագ նպաստ չի նշանակվել (վճարվել),

7) չի լրացել նոր ծնված երեխայի մեկ տարին:

2. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձին, նրա՝ օտարերկրյա պետությունում գտնվող ամուսնուն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող՝ դիվանագիտական ծառայության մարմիններում վարչատեխնիկական կամ սպասարկման անձնակազմում աշխատող անձին երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակվում է, եթե երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինը: Այս դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու, նշանակելու և վճարելու առանձնահատկությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Երեխայից հրաժարվելու, երեխային սոցիալական պաշտպանության հաստատությունում տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը, բացառությամբ խնամակալի, կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը: Սույն հոդվածով սահմանված պայմանները բավարարելու դեպքում երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:

4. Միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է նոր ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

5. Երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալու իրավունքը դադարում է՝

1) երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու դեպքում.

2) երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը կորցնելու դեպքում:

6. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են, երբ երեխան ծնվել է 2026 թվականի սեպտեմբերի 1-ին կամ դրանից հետո:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։