Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 27. Անձանց` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 27. Անձանց` որպես անհատ ձեռնարկատեր, պետական հաշվառումը

1. Պետական հաշվառման համար անհատ ձեռնարկատերը գործակալություն է ներկայացնում՝

1) դիմում.

2) անձնագիրը (անձնագիրը անձը նույնականացնելուց հետո վերադարձվում է).

3) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:

2. Դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե դիմողը գործակալության համապատասխան աշխատակցին հայտնում է դիմումի լրացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը և ստորագրում է գործակալության աշխատակցի պատրաստած դիմումը՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային ստորագրության միջոցով:

3. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն հանձնելու դեպքում դիմումը համարվում է պատշաճ ներկայացված, եթե անձը համացանցի միջոցով տեղեկատվական համակարգ է մուտքագրում անհրաժեշտ տեղեկությունները և հաստատում էլեկտրոնային ստորագրության միջոցով:

4. Էլեկտրոնային եղանակով փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու դեպքում անձնագիր ներկայացնելու պահանջը համարվում է կատարված, եթե անձնագրային տվյալները պատշաճ լրացվում են տեղեկատվական համակարգում, և տվյալների ճշտությունը հավաստվում է տեղեկատվական համակարգի կողմից այլ տվյալների բազաների, ներառյալ` էլեկտրոնային ստորագրության տվյալների բազայի հետ համադրելու միջոցով:

5. Տեղեկատվական համակարգն օրենսդրությամբ նախատեսված տվյալները մուտքագրելուց հետո ինքնաշխատ կերպով ստուգում է այդ տեղեկատվության ճշտությունը` դրանք համադրելով համակարգում պահվող տեղեկատվության հետ, ինչպես նաև այլ տեղեկատվական բազաների հետ, և անճշտություններ կամ մերժելու հիմքեր չհայտնաբերվելու դեպքում սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները տեղեկատվական համակարգի կողմից լրացվում են պետական միասնական գրանցամատյանում: Տեղեկատվական համակարգը, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվող անձին, օրենքով նախատեսված կարգով շնորհում է պետական հաշվառման համարը, հարկային մարմնի տրամադրած` հարկ վճարողի հաշվառման համարը և սոցիալական վճարների պարտավորությունների անձնական հաշվի քարտի համարը:

6. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումն իրականացվում է անմիջապես անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահին:

7. Անձը համարվում է որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձ պետական միասնական գրանցամատյանում սույն օրենքով սահմանված տեղեկությունների գրառումը կատարելու պահից:

8. Որպես անհատ ձեռնարկատեր` անձի հաշվառումը հավաստվում է միասնական պետական գրանցամատյանից տրված քաղվածքով, որն ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:

9. Անձի պահանջով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած չափով վճար վճարելու պայմանով անձին կարող է տրվել քաղվածքի արտատպումը (պատճենը), իսկ սույն օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ առանց վճար վճարելու: Այդ դեպքում պատճենի իսկությունը հավաստվում է պատճենի վրա դրված` գործակալության համապատասխան աշխատակցի ստորագրությամբ: Սույն կետով նախատեսված քաղվածքը պետք է պարունակի նշված անձին վերաբերող` միասնական պետական գրանցամատյանում գրառված ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաև քաղվածքը տրամադրելու ամսաթիվը:

10. Որպես անհատ ձեռնարկատեր (սույն օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` կրկին որպես անհատ ձեռնարկատեր) հաշվառված անձին գործակալությունը տրամադրում է (այդ թվում` սույն հոդվածի 8-րդ մասով սահմանված կարգով) նաև հարկային մարմնի սահմանած ձևով ծանուցում` Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված հարկային համակարգերի ու դրանց ընտրության նպատակով հայտարարություններ ներկայացնելու ժամկետների վերաբերյալ: Անհատ ձեռնարկատերերը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված` ավելացված արժեքի հարկ վճարող համարվելու և որպես ավելացված արժեքի հարկ վճարող հաշվառվելու, շրջանառության հարկ վճարող, ինչպես նաև ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները կարող են ներկայացնել գործակալության միջոցով:

(27-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-280-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։