Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-02-17-ից մինչև 2018-03-31։Բացել գործող տեքստը
Գլուխ 11 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 51. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը

գործել է մինչև 2018-03-31Բացել ARLIS-ում

Հոդված 51. Իրավաբանական անձի լուծարման գրանցումը

1. Լուծարվող իրավաբանական անձի լուծարման հանձնաժողովը լուծարման գործընթացն ավարտելուց հետո սույն օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն՝ լուծարման պետական գրանցում կատարելու համար:

2. Գործակալությունը մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված իրավաբանական անձի կողմից լուծարման մասին դիմում ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանն այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ իրավաբանական անձի նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:

3. Գործակալությունը լուծարման գրանցում կատարելու մասին դիմում ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, հարցում է ուղարկում հարկային մարմին՝ պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով իրավաբանական անձի պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հարկային մարմինները պատասխանում են հարցմանը այն ստանալու օրվանից հետո` 20 օրվա ընթացքում: Հարկային մարմինների կողմից սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այլ պատասխան (բացի պարտավորությունների առկայությունից և դրանց հստակ չափից) ուղարկելը դիտվում է որպես պետական բյուջեի և սոցիալական ապահովագրության գծով լուծարվող իրավաբանական անձի պարտավորությունների բացակայության հավաստում:

4. Եթե լուծարման համար դիմած անձը փաստաթղթերի հետ ներկայացնում է նաև հարկային մարմնի տված տեղեկանք՝ պետական բյուջեի հանդեպ հարկերի և սոցիալական ապահովագրության գծով պարտավորությունների բացակայության մասին՝ տրված լուծարման հաշվեկշիռը հաստատելու օրը կամ ավելի ուշ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը հարկային մարմին չի ուղարկվում:

5. Գործակալությունում ստուգվում են ներկայացված փաստաթղթերի ամբողջականությունն ու համապատասխանությունն օրենքի պահանջներին:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումից և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հավաստումներն ստանալուց հետո լուծարման պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում իրավաբանական անձի լուծարումը համարվում է գրանցված, և մեկ աշխատանքային օրվա ընթացքում գործակալությունում լուծարման մասին տեղեկությունները գրառվում են պետական միասնական գրանցամատյանում:

7. Իրավաբանական անձի լուծարման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում սույն օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով: Անձի պահանջով գործակալության ցանկացած սպասարկման գրասենյակում սույն օրենքով նախատեսված կարգով կարող է տրամադրվել լուծարման մասին տեղեկանքի պատճենը, որի իսկությունը հավաստվում է համապատասխան աշխատակցի ստորագրությամբ:

8. Իրավաբանական անձը համարվում է լուծարված, իսկ նրա գոյությունը` դադարած պետական գրանցման պահից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։