Հոդված 11. Գործակալությունը
Հոդված 11. Գործակալությունը
1. Պետական գրանցումը և պետական հաշվառումն իրականացնում է գործակալությունը:
2. Գործակալությունը գլխավորում է գործակալության պետը:
3. Գործակալության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը` օրենքով սահմանված կարգով:
4. Գործակալությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, սույն օրենքի, այլ օրենքների և իրավական ակտերի և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կանոնադրության հիման վրա:
5. Գործակալության գործունեության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև արտաբյուջետային ֆոնդի և օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
5.1. Գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը (բացառությամբ պետական բյուջե գանձված գումարները պետական բյուջեի մուտքերի համապատասխան հաշիվներից վերադարձնելու դեպքերի) հատուցվում է հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին:
Արտաբյուջետային միջոցների անբավարարության դեպքում գործակալության կամ դրա պաշտոնատար անձանց վարչարարության հետևանքով պատճառված վնասը հատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի այլ միջոցների հաշվին: Այդ նպատակով տրամադրված միջոցները վերականգնվում են գործակալության կողմից հավելյալ մատուցվող ծառայությունների դիմաց գանձված վճարներից գոյացած արտաբյուջետային միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։ Ընդ որում, օրենքով սահմանված կարգով պաշտոնատար անձանց ներկայացված հետադարձ պահանջների բավարարումից ստացվող գումարներն ուղղվում են արտաբյուջետային միջոցների համալրմանը։ Արտաբյուջետային միջոցների օգտագործման կարգը և առաջնահերթությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
6. Գործակալության կառուցվածքը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(11-րդ հոդվածը լրաց. 20.12.17 ՀՕ-31-Ն)