Հոդված 20. Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները
Հոդված 20. Պետական գրանցման ընթացքում լսումների առանձնահատկությունները
1. Պետական գրանցման վարույթները, որպես կանոն, իրականացվում են առանց լսումների՝ որոշումներն ընդունելով ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ:
2. Գրանցման գործընթացում իրականացվում են լսումներ, երբ առկա է այլ անձի գրավոր դիմում կամ հաստատված աղբյուր ունեցող այլ տեղեկություն, որը վիճարկում է պետական գրանցման համար էական որևէ փաստի գոյությունը կամ հավաստիությունը, բացառությամբ սույն հոդվածի 23-րդ մասով նախատեսված դեպքերի: Լսումները կարող են իրականացվել ինչպես որևէ անձի դիմումի հիման վրա, այնպես էլ գործակալության համապատասխան որոշման հիման վրա:
3. Լսումների միջոցով կարող են պարզվել և լսումների ժամանակ քննարկման առարկա դառնալ բացառապես պետական գրանցման վարույթի համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները:
4. Լսումներ իրականացնելու հիմքերի առկայության դեպքում գործակալությունը ընդունում է որոշում, որը պետք է պարունակի լսումներ իրականացնելու հիմքերը, լսումների միջոցով պարզելու ենթակա փաստերի շրջանակը, լսումների իրականացման վայրը, ամիսը, օրը, ժամը:
5. Լսումների մասին որոշումը կայացնելու պահից կասեցվում է օրենքով սահմանված գրանցման ժամկետի ընթացքը ոչ ավել, քան քսան օրով, որը կարող է երկարաձգվել ևս տասը օրով, եթե քսանօրյա ժամկետում հնարավոր չի եղել պարզել վիճելի հանգամանքները: Այս դեպքում ընդունվում է պատճառաբանված որոշում:
6. Լսումներ իրականացնելու մասին որոշումը կազմվում է էլեկտրոնային փաստաթղթի միջոցով և ուղարկվում է դիմող անձի էլեկտրոնային հասցեին: Եթե լսումների իրականացման համար հիմք է ծառայել որևէ անձի դիմումը, ապա որոշումն ուղարկվում է նաև տվյալ անձի էլեկտրոնային փոստի հասցեով: Որոշումը նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
7. Լսումների մասնակիցներն են`
1) պետական հաշվառման կամ պետական գրանցման համար դիմած անձը, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմում բերող անձը.
2) երրորդ անձինք` այն անձինք, որոնց իրավունքները կամ օրինական շահերը կարող են շոշափվել լսումների արդյունքում.
3) այլ անձինք` վկաներ, փորձագետներ, թարգմանիչներ:
8. Լսումները բաց են, և դրանց ժամանակ կարող է ներկա լինել ցանկացած անձ:
9. Գործակալությունը, ելնելով արդյունավետության սկզբունքից, իրավասու է լսումներից հեռացնել ցանկացած անձի, եթե կգտնի, որ լսումները տվյալ անձի իրավունքների վրա ազդեցություն չեն ունենա, իսկ տվյալ անձի ներկայությունը լսումների ժամանակ խոչընդոտում է լսումների բնականոն ընթացքը:
10. Լսումները պետք է իրականացվեն լսումների մասին որոշման մեջ նշված ժամկետում, որը, սակայն, չի կարող ավելի ուշ լինել, քան լսումների մասին որոշումը ընդունելուց հետո` հնգօրյա ժամկետում:
11. Լսումներին որևէ անձի չներկայանալը, անկախ պատճառից, հիմք չէ լսումների հետաձգման համար:
12. Լսումներն իրականացվում են նիստի ձևով: Լսումները պետք է ավարտվեն մեկ նիստի ընթացքում: Եթե նիստը չի ավարտվում ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում, ապա նիստը շարունակվում է հաջորդ աշխատանքային օրը՝ աշխատանքային օրվա սկզբից:
13. Լսումների միջոցով պարզելու ենթակա բոլոր հանգամանքների քննարկումից հետո գործակալությունը ավարտում է լսումները և վերադառնում գրանցման վարույթին՝ առանց առանձին ակտի ձևով որոշում ընդունելու:
14. Լսումներ իրականացնող մարմինը արձանագրում է քննարկումները:
15. Արձանագրությունը պետք է պարունակի`
1) լսումներ իրականացնող մարմնի անվանումը.
2) լսումներ իրականացնելու վայրը, տարին, ամիսը և ամսաթիվը.
3) լսումներին մասնակցած անձանց (երրորդ անձանց, այլ անձանց) անունը և ազգանունը` տվյալ գործում նրանց կարգավիճակի (դիմող, երրորդ անձ, վկա և այլն) նշմամբ.
4) քննարկվող հարցի հանգամանքների բովանդակությունը.
5) լսումների մասնակիցների և լսումների ժամանակ հանդես եկող այլ անձանց ելույթների համառոտ շարադրանքը:
16. Արձանագրությունը կարող է պարունակել նաև լրացուցիչ տեղեկություններ:
17. Եթե քննարկումը կատարվել է ընդմիջումներով, ապա պետք է նշվեն նաև ընդմիջման վերաբերյալ տեղեկությունները: Մի քանի քննարկումներ անցկացնելու դեպքում դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն: Արձանագրությանը կարող են կցվել հավելվածներ, այդ թվում` գործում առկա բոլոր փաստաթղթերի ցանկը` ըստ դրանք ներկայացրած լսումների մասնակիցների:
18. Գործակալությունը կարող է լսումները փոխարինել գրավոր եղանակով հանգամանքների պարզման ընթացակարգով (այսուհետ՝ գրավոր ընթացակարգ): Գրավոր ընթացակարգը կիրառելու դեպքում գործակալությունն այդ մասին ընդունում է որոշում՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով, որն ուղարկվում է դիմումատուի էլեկտրոնային փոստի հասցեին, բողոք ներկայացրած անձի էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հրապարակվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:
19. Որոշումը պետք է նշում պարունակի գրավոր ընթացակարգի կիրառման հիմքերի, ինչպես նաև պարզման ենթակա փաստական հանգամանքների մասին:
20. Որոշման հրապարակման պահից հետո` երկու աշխատանքային օրվա ընթացքում, ցանկացած անձ կարող է ներկայացնել գրավոր ապացույցներ որոշման մեջ նշված հանգամանքների վերաբերյալ:
21. Գործակալությունը ստանում է բոլոր ներկայացված ապացույցները և դրանց գնահատման միջոցով որոշում կայացնում հանգամանքի հիմնավորված կամ չհիմնավորված լինելու մասին, որն էլ պետք է արտացոլվի վարչական վարույթի արդյունքում ընդունված որոշման մեջ:
22. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է լսումների և գրավոր ընթացակարգի իրականացման կարգը՝ հիմնվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն օրենքի պահանջների հիման վրա:
23. Եթե սույն օրենքով կամ այլ օրենքներով սահմանված պետական գրանցման իրականացման ժամկետը կազմում է ոչ ավել, քան հինգ աշխատանքային օր, ապա պետական գրանցման վարույթներն իրականացվում են առանց լսումների՝ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ, բացառությամբ սույն հոդվածի 24-րդ մասով նախատեսված դեպքի:
24. Որևէ անձի գրավոր դիմումի առկայության դեպքում, որի համաձայն գրանցման ներկայացված փաստաթղթերում զետեղված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, գրանցումը մերժելու ակնհայտ հիմքերի բացակայության դեպքում պարտադիր իրականացվում են լսումներ կամ գրավոր ընթացակարգ: