Հոդված 31. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը
Հոդված 31. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձին հաշվառումից հանելու կարգը
1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը կամ դիմում ներկայացնելու համար սույն օրենքով լիազորված անձը կամ նրանց կողմից լիազորված անձը սույն օրենքի 30-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը ներկայացնում է գործակալություն:
2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի, դիմումը ներկայացնելու պահից որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը համարվում է պետական հաշվառումից հանված:
3. Եթե գործունեության դադարման համար որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը հանձնաժողովի կողմից ներառվել է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում, ապա գործակալությունը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, հարցում է ուղարկում հանձնաժողովին` հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայությունը հավաստելու վերաբերյալ: Հարցումն ուղարկվում է հարցման ստացումը հաստատելու հնարավորություն տվող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովող համակարգի միջոցով: Հանձնաժողովը պատասխանում է հարցմանը այն ուղարկելու օրվանից հետո` 10 օրվա ընթացքում: Սույն կետով նախատեսված հարցմանը սահմանված ժամկետում չպատասխանելը կամ այնպիսի պատասխան տալը, որում հստակորեն նշված չեն հարուցված և չավարտված վարույթի առկայությունը, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայությունը և դրանց կոնկրետ չափը, դիտվում է որպես հանձնաժողովի կողմից տվյալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության հավաստում:
4. Եթե մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը դիմումի հետ մեկտեղ ներկայացնում է հանձնաժողովի` դիմումի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ տված տեղեկանք առ այն, որ իր նկատմամբ բացակայում է հարուցված և չավարտված վարչական վարույթ, ինչպես նաև բացակայում են հանձնաժողովի նկատմամբ պարտավորություններ, ապա սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցումը չի ուղարկվում, և մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտների ցանկում ներառված անձը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառումից հանվում է անմիջապես դիմումը ներկայացնելու օրը:
5. Հանձնաժողովի կողմից անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ հարուցված և չավարտված վարչական վարույթի, ինչպես նաև հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների բացակայության մասին հավաստումը ստանալուց հետո գործակալությունում որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձը անմիջապես հանվում է հաշվառումից, ընդ որում, այդ դեպքում անձը համարվում է հաշվառումից հանված դիմումը ներկայացնելու օրվանից:
6. Անձին որպես անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանելը հավաստվում է համապատասխան էլեկտրոնային փաստաթղթով (տեղեկանքով), որը համապատասխան գրառումը կատարելուց հետո` մեկօրյա ժամկետում, ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով:
7. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված հարցմանը հանձնաժողովի կողմից հարուցված և չավարտված վարչական վարույթի կամ հանձնաժողովի նկատմամբ պարտավորությունների առկայության մասին պատասխան ստանալու դեպքում հարցման պատասխանը ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, անհատ ձեռնարկատիրոջը գործակալությունը ծանուցում է հաշվառումից հանելու մերժման մասին, որին կցվում է հանձնաժողովի` մերժման հիմք համարված պատասխանը: Մերժումը էլեկտրոնային փաստաթղթի ձևով ուղարկվում է անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեով, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ համապատասխան ծածկանունը մուտքագրելու պայմանով: Անձը համարվում է մերժման մասին պատշաճ ծանուցված ծանուցումը համացանցում հասանելի դառնալու պահից:
8. Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված հիմքով մերժում ստանալու դեպքում անձը իրավասու է հանձնաժողովի տրամադրած տեղեկանքը բողոքարկելու վարչական կարգով՝ հանձնաժողով, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: Բողոքը բավարարելու կամ չավարտված վարչական վարույթն ավարտվելու և հանձնաժողովի նկատմամբ բոլոր պարտավորությունները կատարելու դեպքերում անձն իրավասու է կրկին դիմելու գործակալություն՝ հաշվառումից հանվելու համար: