Հոդված 62. Ծնողական իրավունքների վերականգնումը
Հոդված 62. Ծնողական իրավունքների վերականգնումը
1. Ծնողական իրավունքները կարող են վերականգնվել, եթե ծնողները կամ նրանցից մեկը փոխել են իրենց վարքագիծը, կենսաձևը և (կամ) երեխայի դաստիարակության նկատմամբ վերաբերմունքը։
2. Ծնողական իրավունքները վերականգնվում են դատական կարգով՝ ծնողական իրավունքներից զրկված ծնողի դիմումի հիման վրա։ Ծնողական իրավունքների վերականգնման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Ծնողական իրավունքների վերականգնման մասին դիմումի հետ միաժամանակ կարող է քննության առնվել նաև երեխային ծնողներին կամ նրանցից մեկին վերադարձնելու մասին պահանջը։
4. Երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը կատարվում է` հաշվի առնելով նրա կարծիքը։
Դատարանը, հաշվի առնելով երեխայի կարծիքը, իրավունք ունի մերժելու ծնողական իրավունքների վերականգնման հայցը, եթե ծնողական իրավունքների վերականգնումը հակասում է երեխայի շահերին:
Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, և որդեգրումը սահմանված կարգով չի վերացվել:
(62-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)
⚖Հոդված 63. Ծնողական իրավունքների սահմանափակումը
1. Ելնելով երեխայի կենսական շահերից` դատարանը կարող է վճիռ կայացնել ծնողներից (ծնողներից մեկից) երեխային վերցնելու մասին (ծնողական իրավունքների սահմանափակում)` առանց ծնողական իրավունքներից զրկելու:
2. Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է, եթե երեխային ծնողների կամ նրանցից մեկի հետ թողնելը նրա համար վտանգավոր է ծնողներից կամ նրանցից մեկից անկախ հանգամանքներից (հոգեկան կամ այլ քրոնիկ հիվանդություն, ծանր հանգամանքների առկայություն և այլն)։
Ծնողական իրավունքների սահմանափակում թույլատրվում է նաև այն դեպքերում, երբ թեև երեխային ծնողների կամ նրանցից մեկի մոտ թողնելը վերջիններիս վարքագծի հետևանքով վտանգավոր է երեխայի համար, սակայն բավարար հիմքեր չկան ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Եթե ծնողները կամ նրանցից մեկը չփոխեն իրենց վարքագիծը, խնամակալության և հոգաբարձության մարմինը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց վեց ամիս հետո պարտավոր է հայց ներկայացնել ծնողական իրավունքներից զրկելու մասին։ Խնամակալության և հոգաբարձության մարմինը կարող է ծնողներին կամ նրանցից մեկին ծնողական իրավունքներից զրկելու մասին հայց ներկայացնել մինչև այդ ժամկետը լրանալը՝ ելնելով երեխայի շահերից:
3. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին հայց կարող են ներկայացնել երեխայի ծնողը, մերձավոր ազգականը, երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը, ինչպես նաև այն մարմիններն ու կազմակերպությունները, որոնց վրա օրենքով դրված է երեխաների իրավունքների ու շահերի պաշտպանության պարտականություն:
4. Ծնողական իրավունքների սահմանափակման մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
5. Ծնողների կամ նրանցից մեկի ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող և երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմիններ:
(63-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 21.12.17 ՀՕ-10-Ն)