Հոդված 60. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը
Հոդված 60. Ծնողական իրավունքներից զրկելու կարգը
1. Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով։
Ծնողական իրավունքներից զրկելու վերաբերյալ գործերը քննվում են ծնողներից մեկի (օրինական ներկայացուցչի), ինչպես նաև այն մարմինների ու կազմակերպությունների (խնամակալության և հոգաբարձության մարմինների, որբ երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար նախատեսված կազմակերպությունների և այլնի) դիմումի հիման վրա, որոնց վրա դրված են երեխաների իրավունքների պաշտպանության պարտականությունները։
2. Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
3. Եթե դատարանը ծնողական իրավունքներից զրկելու գործը քննելիս ծնողների կամ նրանցից մեկի գործողություններում հայտնաբերում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, ապա այդ մասին պարտավոր է տեղեկացնել համապատասխան իրավասու մարմիններին:
4. Ծնողական իրավունքներից զրկելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից երեք օրվա ընթացքում դատարանը պարտավոր է այդ վճռի քաղվածքն ուղարկել երեխայի ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմին։