Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2015-12-05-ից մինչև 2016-07-23։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ

Հոդված 67. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

գործել է մինչև 2016-07-23Բացել ARLIS-ում

Հոդված 67. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը

(վերնագիրը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն)

1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի և հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին:

2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից`

ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով.

բ) 10.000 դրամից մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով.

գ) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում:

3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը դատական կարգով բռնագանձվում է պարտապանից:

Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից դատական կարգով: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից:

5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:

6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում:

6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:

7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ, որում գոյացած միջոցների կեսը օգտագործվում է ծառայողների նյութական խրախուսման, իսկ մյուս կեսը` կատարողական ծախսերի և համակարգի զարգացման համար: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով:

(67-րդ հոդվածը խմբ. 07.07.05 ՀՕ-157-Ն, լրաց. 24.03.11 ՀՕ-71-Ն, 17.12.14 ՀՕ-252-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։