Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
Հոդված 58. Պարտապանի աշխատավարձից և այլ տեսակի եկամուտներից կատարվող պահումների չափը
1. Կատարողական թերթի (թերթերի) կատարման ընթացքում պարտապանի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից կարող է պահվել հիսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո պարտապանի՝ սույն գլխով նախատեսված եկամուտների հանրագումարը պակաս չլինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի չափից:
Կատարողական թերթի կատարման ընթացքում հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահությանը ներգրավված զինծառայող պարտապանի դրամական ապահովությունից, բացառությամբ սույն օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ կետով նախատեսված դեպքի, աշխատավարձից և դրան հավասարեցված վճարներից՝ մարտական հերթապահություն իրականացնող զորամասի կողմից եռամսյակը մեկ տրվող տեղեկանքի հիման վրա, մինչև բռնագանձվող գումարի լրիվ մարումը կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի՝ հաշվի առնելով սույն մասով նախատեսված սահմանափակումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահումների չափի սահմանափակումը չի կիրառվում, եթե`
1) բռնագանձվում է ալիմենտ.
2) հատուցվում է առողջությանը, ինչպես նաև կերակրողի մահվամբ պատճառված վնասը.
3) հատուցվում է հանցագործությամբ պատճառված վնասը:
Այդ դեպքերում պահումների չափը չի կարող գերազանցել աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների յոթանասունհինգ տոկոսը:
3. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են նաև պարտապանի, կուտակային և կամավոր կուտակային կենսաթոշակների, կրթաթոշակի և մտավոր սեփականության օբյեկտների օգտագործմամբ ստացված վարձատրությունների վրա բռնագանձում տարածելիս:
3.1. Կատարողական թերթի կատարման ընթացքում պարտապանի պետական կենսաթոշակից կարող է պահվել երեսուն տոկոսից ոչ ավելի` մինչև բռնագանձվող գումարների լրիվ մարումը, այնպես, որ բռնագանձում տարածելուց հետո վճարման ենթակա գումարը պակաս չլինի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած սոցիալական նպաստի չափից:
(58-րդ հոդվածը խմբ. 22.12.10 ՀՕ-254-Ն, փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-105-Ն, փոփ. 21.06.14 ՀՕ-76-Ն, լրաց. 10.09.19 ՀՕ-145-Ն, լրաց., փոփ. 22.05.24 ՀՕ-236-Ն)