Հոդված 70. Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը
Հոդված 70. Պարտապանի սնանկության հայցով դատարան դիմելը
(վերնագիրը խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)
1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ երկու և ավելի կատարողական վարույթներով, բացառությամբ նույն գործերով պետական տուրքերի բռնագանձման վարույթների, պահանջի (պահանջների) չափի նկատմամբ գույքի անբավարարություն առաջանալու դեպքում հարկադիր կատարողը պարտավոր է հայցադիմում ներկայացնել տնտեսական դատարան՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով` համապատասխան հանգամանքն ի հայտ գալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Պարտապանի գույքի ուղղակի վաճառքի կամ աճուրդի դեպքում գույքի անբավարարության հանգամանքը պարտավորության նկատմամբ որոշելիս հարկադիր կատարողը հիմք է ընդունում գույքի ուղղակի վաճառքի համար սույն օրենքով սահմանված գինը, իսկ աճուրդի դեպքում` սահմանված մեկնարկային գինը:
3. Պարտապանին սնանկ ճանաչելու հայցադիմումին կից հարկադիր կատարողը ներկայացնում է նաև կատարողական վարույթով հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցների վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև տեղեկանք` կատարողական գործողությունների ընթացքում կատարված և հաշվարկված ծախսերի մասին:
(70-րդ հոդվածը լրաց. 11.09.01 ՀՕ-222, խմբ. 16.12.05 ՀՕ-18-Ն)