Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը
Հոդված 26. Հոգաբարձուների խորհրդի նախագահը
1. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում են խորհրդի անդամները՝ սույն օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով:
Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2. Խորհրդի նախագահը`
1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, սույն օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.
2) գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4) հոգաբարձուների խորհրդի քննարկմանն է ներկայացնում հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ, սույն օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:
3. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
4. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից:
Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են հրավիրվել նաև հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով:
Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
5. Հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները կանոնադրությամբ սահմանված կարգով և պայմաններով կարող են իրականացնել ընտրված համանախագահները:
(26-րդ հոդվածը լրաց. 26.02.07 ՀՕ-109-Ն)