Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1) պարտքային պարտավորություն` փոխառության (այդ թվում` ներքին և արտաքին շուկաներում տեղաբաշխվող արժեթղթերի) կամ վարկային պայմանագրով ստացված և որոշակի պահի դրությամբ չմարված գումար, ներառյալ` ժամկետում չմարված տոկոսագումարը, ինչպես նաև տրամադրված պետական երաշխիքների գումարը.
2) պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի (այսուհետ` Կենտրոնական բանկ) անունից (բացառությամբ ռեզիդենտների հանդեպ Կենտրոնական բանկի առկա պարտքային պարտավորությունների) ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
3) կառավարության պարտք` Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` կառավարություն) ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
4) Կենտրոնական բանկի պարտք` ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների առջև Կենտրոնական բանկի ստանձնած և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
5) ներքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից` կառավարության լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների հանդեպ փոխառության կամ վարկային պայմանագրերի հիման վրա ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
6) արտաքին պետական պարտք` Հայաստանի Հանրապետության անունից և Կենտրոնական բանկի անունից Հայաստանի Հանրապետության ոչ ռեզիդենտների և օտարերկրյա պետությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
7) պետական երաշխիք` որոշակի պահի դրությամբ կառավարության պարտավորությունը (բյուջետային երաշխիքը) փոխատուների և վարկատուների առջև, ինչպես նաև Կենտրոնական բանկի պարտավորությունը ոչ ռեզիդենտ փոխատուների և վարկատուների առջև ամբողջությամբ կամ մասնակի մարելու` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ փոխառուների և վարկառուների կողմից վճարման ենթակա գումարները` սահմանված ժամկետներում նրանց կողմից չվճարվելու դեպքում.
8) Հայաստանի Հանրապետության համախառն արտաքին պարտք` Հայաստանի Հանրապետության անունից, Կենտրոնական բանկի անունից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների կողմից ոչ ռեզիդենտների, օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հանդեպ ստանձնված և որոշակի պահի դրությամբ առկա պարտքային պարտավորությունների հանրագումարը.
9) պարտքի մարում` փոխառության կամ վարկային պայմանագրի հիման վրա պարտքային պարտավորության կատարում.
10) պարտքի սպասարկում` փոխառության կամ վարկային պայմանագրով նախատեսված տոկոսագումարի, կոմիսիոն վճարի, տուժանքի և այլ վճարի կատարում.
11) Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, պետական հիմնարկների անունից.
12) լիազոր մարմին` պետական ֆինանսների կառավարման բնագավառում կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին.
13) ռեզիդենտ` ֆիզիկական անձինք, որոնք տվյալ տարում (հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ) սկսվող կամ ավարտվող 12-ամսյա ժամանակահատվածում գտնվել են Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել և պետական գրանցում են ստացել Հայաստանի Հանրապետությունում.
14) ոչ ռեզիդենտ` սույն օրենքի իմաստով ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձինք և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Հայաստանի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները.
15) պետական գանձապետական պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից լիազոր մարմնի կողմից ազգային արժույթով թողարկվող պարտատոմսը.
16) արտարժույթով թողարկվող պարտատոմս` Հայաստանի Հանրապետության անունից արտարժույթով թողարկվող պետական պարտատոմսը.
17) պայմանագիր` Հայաստանի Հանրապետության անունից` Հայաստանի Հանրապետության, կառավարության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, հիմնարկների կողմից կնքված փոխառության, վարկային և պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը և Կենտրոնական բանկի կողմից կնքված արտաքին փոխառության, վարկային և պետական երաշխիքի պայմանագիրը, համաձայնագիրը.
18) ընթացիկ պարտավորություն` որոշակի պահի դրությամբ փոխառության և վարկային պայմանագրերով առաջիկա 365 օրվա համար նախատեսված պարտքի մարումների և սպասարկման հանրագումարը.
19) առաջնային տեղաբաշխում` թողարկողի կամ նրա հանձնարարությամբ այլ մարմնի կողմից որոշակի մեխանիզմով թողարկողի պարտատոմսերի առաջին օտարումը շուկայի մասնակիցներին.
20) առաջնային շուկա` շուկա, որտեղ իրականացվում է պետական պարտատոմսերի առաջնային տեղաբաշխումը: