Հոդված 23. Կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը
Հոդված 23. Կառավարության կողմից պետական երաշխիքների տրամադրումը
1. Պետական երաշխիքներ կարող են տրամադրվել լիազոր մարմնի դրական եզրակացության հիման վրա` հիմք ընդունելով համապատասխանությունը կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրին:
2. Համայնքների համար պետական երաշխիքների տրամադրման դեպքերը և կարգը սահմանում է կառավարությունը:
3. Բյուջետային երաշխիքներ կարող են տրամադրվել Հայաստանի Հանրապետության այն ռեզիդենտ իրավաբանական անձանց համար, որոնք ներկայացնում են կառավարության տնտեսական ծրագրերից բխող նպատակային ծրագրի կատարման համար անհրաժեշտ և վարկի տեսքով պահանջվող գումարների հիմնավորում, որը պետք է ներառի, մասնավորապես, ծրագրի իրավական հիմքը, բովանդակությունը, խնդիրներն ու նպատակը, կատարման փուլերը և ժամկետները, վարկի վերադարձելիության ու օգտագործման դիմաց հաշվարկվող տոկոսների վճարման հնարավորության հիմնավորումը, ինչպես նաև վարկի մարման ժամանակացույցը, ծրագրի նախահաշիվը և ծախսերը հիմնավորող հաշվարկները:
4. Պետական երաշխիքի գումարը երաշխիքի ստացման համար դիմելու պահին չպետք է գերազանցի երաշխիք ստացողի ակտիվների 20 տոկոսը:
Սույն սահմանափակումը կիրառելի չէ, եթե`
1) երաշխիքով ներգրավվող վարկային միջոցները օգտագործվելու են պետական կարիքների, ներառյալ` պետական պահուստի կարիքների համար գնվող ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ֆինանսավորման համար.
2) երաշխիքը տրամադրվում է տնտեսական ճգնաժամային իրավիճակներում պետության ռազմավարական խնդիրները լուծելուն ուղղված ծրագրերին ֆինանսավորում ապահովելու համար` վարկատուների կողմից այլ ապահովության միջոցներ չընդունելու դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձինք, որոնց համար տրամադրվել են բյուջետային երաշխիքներ, երաշխիքային ծրագրի ավարտից հետո պետական բյուջե պետք է վճարեն միջնորդավճար՝ երաշխիքային գումարի 1 տոկոսի չափով:
6. Լիազոր մարմինն իրավասու է մինչև վարկի մարելը բյուջետային երաշխիքի տրամադրման պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով ստուգելու ստացողի ֆինանսական վիճակը:
7. Բյուջետային երաշխիքներ ստացող տնտեսական ոլորտների առաջնահերթությունը սահմանվում է կառավարության տնտեսական զարգացման ծրագրերով և արտացոլվում է կառավարության պարտքի կառավարման ռազմավարական ծրագրում:
8. Կառավարության կողմից Կենտրոնական բանկի համար տրամադրված արտաքին պետական երաշխիքը հաշվառվում է որպես Կենտրոնական բանկի պարտք:
9. Որոշակի պահի դրությամբ տրամադրված և չմարված պետական երաշխիքների հանրագումարը չպետք է գերազանցի նախորդ տարվա համախառն ներքին արդյունքի 20 տոկոսը:
(23-րդ հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-4-Ն)