Հոդված 15. Բյուջեների կատարումը
Հոդված 15. Բյուջեների կատարումը
1. Բյուջեների կատարումը պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններն իրականացնող իրավաբանական անձանց` համապատասխանաբար պետական և համայնքների բյուջեների եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսերի իրականացման կանոնակարգված գործունեությունն է:
2. Բյուջեների կատարումն իրականացվում է միասնական դրամարկղի սկզբունքի հիման վրա, որը նախատեսում է բյուջեների բոլոր եկամուտների (մուտքերի) մուտքագրումը և ծախսերի կատարումը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միասնական գանձապետական հաշվով:
3. Բյուջեների կատարման կազմակերպումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը:
4. Բյուջեների կատարման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքի հիման վրա: Բյուջեների կատարման կարգով սահմանվում են`
ա) բյուջեների կատարման հիմնական սկզբունքը.
բ) բյուջեների կատարման ապահովման համար անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, փաստաթղթաշրջանառության կարգը, ժամկետները, ծավալները.
գ) բյուջեների կատարման ժամանակ բյուջետային համակարգի սուբյեկտների պարտականությունները և իրավունքները.
դ) հաստատված բյուջեների հիման վրա եռամսյակային համամասնությունների սահմանման կարգը.
ե) բյուջեների կատարման ժամանակ, սույն օրենքին համապատասխան, սեկվեստորի և ինդեքսացիայի կիրառման և դադարեցման դրույթները, դրանց կիրառման կարգը.
զ) սույն օրենքի 23 և 33 հոդվածներով սահմանված թույլատրելի չափաքանակների շրջանակներում, բյուջեների կատարման ընթացքում դրանցում փոփոխություններ կատարելու կարգը.
է) բյուջեների պահուստային ֆոնդից ֆինանսավորման կարգը.
ը) բյուջեների կատարման գործընթացի այլ դրույթներ:
5. Բյուջեների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը, նրա տեղական գանձապետական բաժանմունքներն իրականացնում են`
ա) բյուջեների դրամարկղային սպասարկումը.
բ) բյուջեների կատարման ապահովումը` դրանց բյուջեների փաստացի եկամուտներին և ծախսերի ուղղություններին համապատասխան.
գ) պետական դրամական միջոցների` ներառյալ պետական և համայնքների բյուջեների միջոցները, համախմբումը միասնական գանձապետական հաշվում.
դ) գանձապետական հաշիվներում արտացոլված բյուջեների և բյուջետային հիմնարկների դրամական միջոցների կառավարման ապահովումը.
ե) պետական պարտքի կառավարման ապահովումը.
զ) բյուջետային հաշվառման և հաշվետվության մեթոդական ղեկավարումը.
է) բյուջեների կատարման ապահովման համար օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
6. Բյուջեների մուտքերը կուտակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության միասնական գանձապետական հաշվում:
7. Պետական և տեղական ինքնակառավարման լիազորություններ իրականացնող մարմինների և դրանց ենթակա բյուջետային հիմնարկների բյուջետային միջոցների մուտքերը և ծախսերն արտացոլվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և նրա տեղական գանձապետական բաժանմունքների` յուրաքանչյուր այդպիսի սուբյեկտի համար բացված գանձապետական հաշիվներում:
8. Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներից գումարների վճարումը կատարում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը և նրա տեղական գանձապետական բաժանմունքները` վերջիններիս սպասարկող բանկերի միջոցով: Բյուջետային հիմնարկների գանձապետական հաշիվներում բյուջետային միջոցների առկայության դեպքում վճարումները կատարվում են անվերապահորեն:
9. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց ենթակա բյուջետային հիմնարկները կարող են բանկային հաշիվներ բացել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
10. Բյուջեների կատարման ընթացքում մուտքերի նվազման դեպքում գործադրվում է ծախսերի սահմանափակման (սեկվեստորի) մեխանիզմը: Սահմանափակումը բյուջետային տարվա տվյալ ժամանակահատվածում բյուջեներով նախատեսված ծախսերի տնտեսագիտական բոլոր հոդվածներով` օրենքով սահմանված կարգով և չափով համամասնական նվազեցումն է, բացառությամբ պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման (այսուհետ նաև` համահարթեցում) սկզբունքով տրվող դոտացիաների և օրենքով պաշտպանված այլ ծախսերի: Բյուջեների պաշտպանված ծախսատեսակները սահմանվում են տվյալ տարվա բյուջեի մասին օրենքով:
11. Բյուջեների միջոցների հաշվին ապրանքներ գնելու, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական գնումների մասին օրենքով սահմանված կարգով:
12. Պետության և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորություններ առաջացնող պայմանագրերը (համաձայնագրերը) ենթակա են պարտադիր գրանցման Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում: