Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը, եկամուտները և ծախսերը
Հոդված 28. Համայնքների բյուջեների կառուցվածքը, եկամուտները և ծախսերը
1. Համայնքների բյուջեների կառուցվածքը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց ֆինանսավորման համապատասխանության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, բաժանվում է հետևյալ բաղկացուցիչ մասերի.
ա) համայնքի բյուջեի վարչական մաս (վարչական բյուջե).
բ) համայնքի բյուջեի ֆոնդային մաս (ֆոնդային բյուջե):
2. Համայնքի բյուջեի բաղկացուցիչ մասերից յուրաքանչյուրը պետք է հաշվեկշռված լինի:
3. Համայնքների բյուջեների վարչական մասը (վարչական բյուջեն) ներառում է`
I. Եկամուտների գծով`
համայնքների բյուջեներին` օրենքով և իրավական այլ ակտերով ամրագրվող եկամուտները, այդ թվում`
- հարկային եկամուտները և տուրքերը.
- ոչ հարկային եկամուտները.
- պաշտոնական տրանսֆերտները:
1.1. Հարկային եկամուտներ և տուրքեր են`
ա) հողի հարկը համայնքի վարչական տարածքում գտնվող (բացառությամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով կենտրոնացված կարգով վճարողների) հողի համար` 95 տոկոսի չափով.
բ) գույքահարկը` համայնքի վարչական տարածքում գտնվող գույքի համար 95 տոկոսի չափով.
գ) եկամտահարկը` 15 տոկոսի չափով.
դ) օրենքով պետական բյուջեին ամրագրվող այլ հարկատեսակներից կատարվող մասհանումները.
ե) պետական տուրքը, այդ թվում`
- քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումներում փոփոխություններ, լրացումներ, ուղղումներ կատարելու և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար.
- նոտարական գրասենյակների կողմից նոտարական ծառայություններ կատարելու, նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի կրկնօրինակներ տալու, նշված մարմինների կողմից գործարքների նախագծեր և դիմումներ կազմելու, փաստաթղթերի պատճեններ հանելու և դրանցից քաղվածքներ տալու համար.
զ) հարկային օրենսդրությունը խախտելու համար գանձվող տուգանքները և տույժերը` բացառությամբ օրենքով պետական բյուջե մուտքագրվող հարկերի գծով հաշվարկվող տուգանքների և տույժերի.
է) տեղական տուրքերը.
ը) համայնքի բյուջե օրենքով մուտքագրվող այլ հարկերը:
1.2. Ոչ հարկային եկամուտներ են`
ա) համայնքի սեփականություն համարվող հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները ամբողջությամբ, ինչպես նաև համայնքի վարչական տարածքում գտնվող պետական պահուստի հողերի վարձակալության և օգտագործման դիմաց գանձվող վարձավճարները` 95 տոկոսի չափով.
բ) տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց ենթակա բյուջետային հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառվող գույքի վարձակալությունից եկամուտները.
գ) վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կիրառած պատժամիջոցներից եկամուտները.
դ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
ե) տեղական վճարները.
զ) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով գանձվող և համայնքների բյուջեների եկամուտներին հաշվանցման ենթակա այլ տեղական վճարները:
1.3. Պաշտոնական տրանսֆերտներ` հատկացումներ են`
ա) պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները.
բ) այլ աղբյուրներից ստացվող տրանսֆերտները:
II. Ծախսերի գծով`
օրենքով սահմանված կարգով տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված լիազորությունների իրականացման ընթացիկ ծախսերը, այդ թվում`
ա) ընդհանուր բնույթի համայնքային ծառայություններ.
բ) պաշտպանության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.
գ) հասարակական կարգի պահպանության և անվտանգության բնագավառում` օրենքով վերապահված լիազորությունների իրականացում.
դ) կրթություն և գիտություն.
ե) առողջապահություն.
զ) սոցիալական ապահովություն և ապահովագրություն.
է) մշակույթ, սպորտ և կրոն.
ը) բնակարանային կոմունալ տնտեսություն.
թ) վառելիքաէներգետիկ համալիր.
ժ) գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ջրային տնտեսություն և ձկնաբուծություն.
ժա) լեռնահանքային արդյունաբերության և հանքային հանածոներ (բացառությամբ վառելիքի), վերամշակող արդյունաբերություն, շինարարություն և բնապահպանություն.
ժբ) տրանսպորտ և կապ, ճանապարհային տնտեսություն.
ժգ) համայնքի բյուջեի պահուստային ֆոնդ.
ժգ) համայնքի բյուջեի ծախսերի հիմնական ուղղություններին չդասվող այլ ծախսեր:
4. Համայնքների բյուջեների ֆոնդային մասը (ֆոնդային բյուջեն) ներառում է`
I. Մուտքերի գծով`
ա) պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումները (սուբվենցիաները).
բ) կապիտալ ծախսերի ֆինանսավորման այլ աղբյուրներից նպատակային հատկացումները.
գ) տեղական ինքնակառավարման մարմիններին ենթակա ձեռնարկությունների տրամադրության տակ մնացած շահույթներից համայնքի ավագանու որոշումներով կատարվող մասհանումները.
դ) համայնքային սեփականություն համարվող, այդ թվում` տիրազուրկ, ժառանգության իրավունքով կամ նվիրատվության ձևով տեղական ինքնակառավարման մարմնի, վերջինիս ենթակա բյուջետային հիմնարկի տնօրինմանն անցած գույքի օտարումից մուտքերը.
ե) վարկերի և փոխառությունների ձևով ներգրավված միջոցները, այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից թողարկված պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված միջոցները: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտատոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանում է կառավարությունը.
զ) վարչական բյուջեից (պահուստային ֆոնդից) կատարվող հատկացումները.
է) բաժնետիրական ընկերությունների, ֆինանսական հաստատությունների, բանկերի կանոնադրական կապիտալում կատարված ներդրումների դիմաց ստացվող շահաբաժինները` ներդրված դեպոզիտների դիմաց դիվիդենտների ձևով ստացվող եկամուտները:
II. Ծախսերի գծով`
օրենքով տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կապիտալ ծախսերը, այդ թվում`
ա) կապիտալ շինարարության ծախսերը.
բ) կապիտալ վերանորոգման ծախսերը.
գ) վարկերի և ներգրավված այլ փոխառու միջոցների մարման ծախսերը.
դ) ապրանքանյութական արժեքների պահուստների ձևավորման ծախսերը:
5. Համայնքների բյուջեներից` տեղական ինքնակառավարման մարմինների պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորումը կատարվում է պետական բյուջեից այդ նպատակով տրամադրվող հատկացումների հաշվին:
6. Պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(28-րդ հոդվածը խմբ. 26.12.97 ՀՕ-178)