Հոդված 11. Բյուջետային երաշխիքները
Հոդված 11. Բյուջետային երաշխիքները
1. Բյուջետային երաշխավորագիրը պարտավորություն է, որով երաշխավորվում է բյուջետային երաշխավորագիր ստացող անձի նկատմամբ համայնքի, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև օտարերկրյա պետության, միջազգային կազմակերպության (այսուհետ` պրինցիպալներ) պարտքային պարտավորությունների պատշաճ կատարումը` պետական բյուջեի միջոցների հաշվին:
2. Երաշխավորված պարտքային պարտավորությունների չկատարմամբ պայմանավորված գումարները վճարվում են պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդի միջոցների հաշվին և արտացոլվում առանձին տողով:
3. Բյուջետային երաշխավորագիրը (երաշխիքը) կազմվում է առանձին փաստաթղթի ձևով և ստորագրվում է միայն պետական ֆինանսների կառավարման լիազոր պետական մարմնի (այսուհետ` պետական լիազորված մարմին) ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի կողմից: Այլ գրավոր գործարքներում նախատեսված երաշխավորության (երաշխիքի) մասին դրույթներն իրավական ուժ չունեն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված դրույթների:
Բյուջետային երաշխավորագրերի տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը` սույն օրենքին համապատասխան: Բյուջետային երաշխավորագրերի (երաշխիքների) տրամադրման դիմաց պետական բյուջեի օգտին կարող է գանձվել վճար:
4. Տվյալ բյուջետային տարում երաշխավորվող պարտավորությունների ընդհանուր գումարը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքների) չի կարող գերազանցել նախորդ բյուջետային տարվա պետական բյուջեի հարկային եկամուտների 10 տոկոսը: (նախադասությունը հանվել է 11.04.03 ՀՕ-541-Ն)
5. Երաշխիքների վճարմամբ Հայաստանի Հանրապետության մոտ ծագում է հետադարձ պահանջի իրավունք:
(11-րդ հոդվածը լրաց., փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն)