Հոդված 9. Բյուջեների դրամական մուտքերը և ելքերը
Հոդված 9. Բյուջեների դրամական մուտքերը և ելքերը
(վերնագիրը փոփ. 11.04.03 ՀՕ-541-Ն)
1. Բյուջետային եկամուտներն անվերադարձ կարգով օրենսդրությանը համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների դրամական միջոցներն են:
Բյուջետային ծախսերը պետության և տեղական ինքնակառավարման խնդիրների և գործառույթների ֆինանսական ապահովմանն ուղղվող դրամական միջոցներն են:
Բյուջետային մուտքերը ներառում են տվյալ բյուջեի համար օրենքով սահմանված եկամուտները, բյուջեի միջոցների տարեսկզբի ազատ մնացորդը, ոչ ֆինանսական ակտիվների օտարումից, տրամադրված բյուջետային վարկերի և փոխատվությունների վերադարձից ստացվող, ինչպես նաև փոխառու և ներգրավված այլ դրամական միջոցները:
Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը (ընթացիկ և կապիտալ ծախսեր), ինչպես նաև բյուջետային վարկերի ու փոխատվությունների տրամադրումը և ներգրաված փոխառու միջոցների մարումները:
Բյուջետային հատկացումները բյուջեն հաստատող իրավական ակտով բյուջետային միջոցներ ստացողի գծով նախատեսված բյուջետային միջոցներն են:
2. Կապիտալ ծախսերը (որոնք բյուջետային դասակարգման մեջ անվանվում են նաև «ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսեր») ներառում են պետական և համայնքային նշանակության ծրագրերի շրջանակներում նախատեսվող այն ծախսերը, որոնք հանգեցնում են հիմնական միջոցների, պետական ռազմավարական կամ համայնքային նշանակության պահուստների ստեղծման նպատակով ապրանքային արժեքների ձեռքբերմանը կամ դրանց արժեքի ավելացմանը:
Ընթացիկ ծախսերը ներառում են այն ծախսերը, որոնք ընդգրկված չեն կապիտալ ծախսերում:
(9-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 11.04.03 ՀՕ-541-Ն, փոփ., լրաց. 24.10.07 ՀՕ-224-Ն)