Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-09-ից մինչև 2024-10-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

գործել է մինչև 2024-10-24Բացել ARLIS-ում

Հոդված 5. Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրները

1. Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության բնագավառում պետական քաղաքականության խնդիրներն են`

1) բարձրագույն և հետբուհական կրթության որակի ապահովումը.

2) պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող բնագավառներում, ինչպես նաև սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերում մասնագետների պատրաստմանն աջակցելը.

3) միջազգային գիտակրթական համագործակցության զարգացմանը և դրա ինտեգրմանը նպաստելը.

4) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի զարգացումը և մրցունակության բարձրացումը միջազգային ասպարեզում.

5) Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում ուսուցման որակի ներքին (ներբուհական) ու արտաքին գնահատման և հավատարմագրման միջազգային (եվրոպական) չափանիշների ներդրումը.

6) հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավահավասարության ապահովումը՝ անկախ սեփականության ձևից:

2. Պետությունն ապահովում է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացում հետևյալ ձևերով.

1) անցում բարձրագույն կրթության որակավորման երկաստիճան համակարգի.

2) հետբուհական կրթության համակարգի կատարելագործում.

3) կրթության զարգացման պետական ծրագրերի մշակում և իրականացում.

4) կրթական ծրագրերի համապատասխանեցում աշխատանքային շուկայի պահանջներին.

5) պետության պահանջներին համապատասխան` բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին և դրանցում սովորողներին ֆինանսական աջակցության ապահովում.

6) օրենքով սահմանված կարգով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգի ուսանողներին և ասպիրանտներին պետական ֆինանսական օժանդակություն (կրթաթոշակներ, ուսման վարձի փոխհատուցում (լրիվ և մասնակի (զեղչ), կրթական դրամաշնորհներ, վարկեր).

7) բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության համակարգում գիտելիքների ստուգման և որակի գնահատման, ուսուցման կազմակերպման նոր ձևերի, ներառյալ՝ կրեդիտային համակարգի ներդրում.

8) կրթական նոր հայեցակարգերի և տեխնոլոգիաների ներդրում` զարգացում ապահովելու նպատակով.

9) բարձրագույն ուսումնական հաստատություններում գիտության և կրթության ինտեգրման ապահովում, գիտահետազոտական ստորաբաժանումների կազմակերպում:

3. Պետությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն ստանալու իրավունք: Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պայմաններով` իրենց ընտրությամբ:

Ըստ մասնագիտությունների հավատարմագրված կրթական ծրագրեր ունեցող ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով կարող է իրականացվել բարձրագույն և հետբուհական մասնագիտական անվճար կրթություն` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ:

Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն և հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաև հետևյալ պայմանը. ուսանողը ավարտելուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի և պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(5-րդ հոդվածը խմբ., փոփ. 02.10.07 ՀՕ-209-Ն, լրաց. 23.06.10 ՀՕ-112-Ն, 28.10.10 ՀՕ-154-Ն, 08.02.11 ՀՕ-51-Ն, փոփ. 30.04.13 ՀՕ-38-Ն, խմբ. 03.02.16 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։