Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2024-03-14։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

գործել է մինչև 2024-03-14Բացել ARLIS-ում

Հոդված 4. Անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից անկանխիկ ձևով գործարքների իրականացումը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե սույն օրենքով և այլ օրենքներով այդ գործարքների դիմաց վճարման ավելի ցածր սահմանաչափեր և այլ բացառություններ նախատեսված չեն: Բացառություն են կազմում նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց կողմից մանրածախ առևտրում սահմանված կարգով դուրս գրված՝ ԱԱՀ-ի վերադարձի հարկային հաշվով ձևակերպված ապրանքների ձեռքբերման գործարքները, որոնց դիմաց Հայաստանի Հանրապետության տարածքում կանխիկ դրամով գումարի ընդունման առավելագույն չափը չի կիրառվում:

2․ Օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

3․ Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական (հաշվապահական, աուդիտորական, իրավաբանական, ֆինանսական, տեղեկատվական տեխնոլոգիաներ և այլ խորհրդատվական) ծառայությունների մատուցման վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

4․ Նոտարական գործողությունների իրականացման կամ նոտարի մատուցած ծառայությունների վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով։ Նոտարական գործողություններ կատարելու համար պետական տուրքը նոտարը գանձում է անկանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ օրենսդրությամբ:

5․ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:

6. Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Բանկերը ավանդները կարող են ընդունել և հետ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաև կանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (հետ վերադարձվել) նաև կանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած փոխառությունները մարվում են (հետ են վերադարձվում) բացառապես անկանխիկ ձևով։

7․ Գրավատները վարկերը տրամադրում են բացառապես անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ 80,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 50,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը, 2024 թվականի հունվարի 1-ից՝ 20,000 Հայաստանի Հանրապետության դրամից ավելի տրամադրվող վարկերը։

8. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը, նոտարները և փաստաբաններն իրավունք չունեն անկանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում) առաջարկելու և (կամ) ստանալու ավելի բարձր գին (արժեք), քան առաջարկում և (կամ) ստանում են կանխիկ ձևով վճարում նախատեսող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքներում (պայմանագրերում) կամ գործարքների (պայմանագրերի) առաջարկներում (օֆերտաներում):

9. Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել սույն օրենքով սահմանված անկանխիկ գործառնությունների համար միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափերը, ինչպես նաև դրանց վճարման դեպքերը, կարգը և պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։