Հոդված 9.2. ․ Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվության տրամադրումը
Հոդված 9.2․ Ջերմոցային գազերի համար արտանետման թույլտվության տրամադրումը
1․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը՝ դիմողի հայտի հիման վրա՝ հայտը ներկայացնելու պահից մեկամսյա ժամկետում։
2․ Ջերմոցային գազերի արտանետման թույլտվության հայտը ներառում է՝
1) դիմողի տվյալները՝ իրավաբանական անձի անվանումը և կազմակերպաիրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը, գտնվելու վայրը կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հասցեն, պետական գրանցման (հաշվառման) համարը․
2) տեղեկություններ օգտագործվող հումքի և օժանդակ նյութերի ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ, որոնց մշակումը կամ այլ կերպ օգտագործումը կամ պահումը հանգեցնում է ջերմոցային գազերի արտանետումների․
3) տեղեկություններ ջերմոցային գազերի արտանետումների աղբյուրների տեսակի, քանակի և տեղակայման վայրի վերաբերյալ, ինչպես նաև դրանց նկարագրերը կամ տեխնիկական բնութագրերը․
4) տարեկան կտրվածքով ջերմոցային գազերի արտանետումների ակնկալվող ծավալը և դրա հաշվարկ-հիմնավորումը՝ ըստ ջերմոցային գազի տեսակի և համապատասխան արտանետման աղբյուրի․
5) ջերմոցային գազերի արտանետումների մոնիտորինգի պլանը և արտանետումների մոնիտորինգի մեթոդաբանությունը․
6) սույն հոդվածի 2-րդ մասի 2-5-րդ կետերում նշված տեղեկությունների ոչ տեխնիկական նկարագիրը։
3. Լիազոր մարմինը հայտի ոչ լրակազմ լինելու կամ ոչ ճիշտ տվյալներ պարունակելու մասին դիմողին գրավոր ծանուցում է հայտն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում։ Լիազոր մարմնի կողմից դիմողին թերությունների մասին գրավոր ծանուցելու պահից հայտի քննարկման ժամկետը համարվում է կասեցված։
4. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվությունը տրամադրվում է 10 տարի ժամկետով։
5. Ջերմոցային գազերի արտանետման թույլտվություն ունեցող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը ջերմոցային գազերի արտանետման նոր թույլտվություն ստանալու համար, սույն հոդվածի 1-ին մասի համաձայն, հայտ է ներկայացնում ջերմոցային գազերի արտանետման թույլտվության ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ: