Հոդված 10. ․ Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 10․ Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 17. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի ներկայացումը, քննարկումը, որոշման կայացումը և ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակներ ունեցող օտարերկրացիների հաշվառումը
1. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացվում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմին:
2. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալը, մերժելը, կացության քարտ տրամադրելը, կացության կարգավիճակ տալու մասին որոշումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով իրականացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով։
3. Էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմումի քննարկման հայտերի լրացման և ներկայացման, օտարերկրացիներին ժամանակավոր կամ մշտական կարգավիճակ տալու, ծանուցման կարգը, դիմումի հետ ներկայացվող փաստաթղթերի ցանկը, վարչական մարմինների միջև տեղեկատվությունը, փաստաթղթեր փոխանակելու կարգը և հարթակի տեխնիկական նկարագիրը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու կամ մերժելու մասին որոշումը, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքի, կայացնում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը դիմումը ներկայացնելու օրվանից 30-օրյա ժամկետում՝ հիմք ընդունելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ տվյալ տարվա կացության կարգավիճակների սահմանաչափի վերաբերյալ քվոտային ցուցանիշները։
Եթե ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ տալու վարույթի ընթացքում լրացել է օտարերկրացու՝ Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական գտնվելու կամ բնակվելու ժամկետը, ապա մինչև վարույթի ավարտը և միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից որոշման կայացումը օտարերկրացու գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում համարվում է օրինական։
5․ Սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով նախատեսված հիմքով օտարերկրացուն մշտական կացության կարգավիճակ տրվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ։
6. Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացիներին հաշվառում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը էլեկտրոնային միասնական հարթակի կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
7․ Օտարերկրացին ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակի քարտը, բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքը միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնից ստանում է անձամբ՝ տրամադրելով կենսաչափական տվյալները՝ մատնահետքերը և ստորագրության էլեկտրոնային օրինակը, բացառությամբ 16 տարին չլրացած օտարերկրացիների, որոնց օրինական բնակության իրավունքը հավաստող փաստաթուղթն ստանում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
8․ Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացին, բացառությամբ 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» և «ե» կետերով նախատեսված հիմքերով կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու, Հայաստանի Հանրապետությունից 183 օր և ավելի բացակայելու դեպքում այդ մասին էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով 183-օրյա ժամկետը լրանալու պահից հաշվարկված ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում ծանուցում է միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին։
9․ Ժամանակավոր կամ մշտական կացության կարգավիճակ ստանալու վարույթի ընթացքում կացության կարգավիճակ ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցվում է հայտնաբերված սխալները, վրիպակները շտկելու, ինչպես նաև ոլորտը կարգավորող օրենսդրությամբ պահանջվող տեղեկություններ կամ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտության մասին։
Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ծանուցումն ստանալու պահից հնգօրյա ժամկետում չի կատարում ծանուցմամբ նշված գործողությունը, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կասեցնում է վարույթը:
10․ Եթե ժամանակավոր կամ մշտական կացություն ստանալու դիմում ներկայացրած անձը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն, կասեցված վարույթը վերսկսելու հետ կապված գործողություններ չի կատարում մեկ ամսվա ընթացքում, ապա էլեկտրոնային միասնական հարթակն ինքնաշխատ եղանակով կարճում է վարույթը:»։
(հոդվածը 11.05.26 ՀՕ-212-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում «Անձը հաստատող փաստաթղթի մասին» օրենքով նախատեսված էլեկտրոնային միասնական հարթակի գործարկման մասին իր պաշտոնական կայքէջում միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի հայտարարության հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ ուշ, քան 2026 թվականի նոյեմբերի 1-ը)