Հոդված 12. ․ Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
Հոդված 12․ Օրենքի 19-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 19. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
1․ Օտարերկրացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
1) օտարերկրացին արտաքսվել է Հայաստանի Հանրապետության տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման որոշման կատարման պահից կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի.
2) օտարերկրացին դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել.
3) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում է այն կամ այնպիսի կազմակերպության անդամ է, որի նպատակն է՝
ա․ վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
բ․ իրականացնել ահաբեկչական գործունեություն,
գ․ սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր,
դ․ իրականացնել մարդու թրաֆիքինգ կամ շահագործում, պետական սահմանի ապօրինի հատում կամ անօրինական միգրացիայի կազմակերպում.
4) օտարերկրացին տառապում է սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով.
5) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին ուղղված հիմնավորված սպառնալիքներ.
6) կացության կարգավիճակ հայցելիս օտարերկրացին ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
7) օտարերկրացին սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի, կամ մինչև մեկ տարին լրանալը կատարել է վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը.
8) վերացել է կացության կարգավիճակ տալու հիմքը.
9) սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու պահից 15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ չի կնքվել աշխատանքային կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «զ1» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալուց հետո կարգավիճակը ստանալու համար հիմք հանդիսացող կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը լուծվել է, և
15 աշխատանքային օրվա ընթացքում օտարերկրացու հետ նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել․
10) սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում նշված մուտքի վիզաներից որևէ մեկով օտարերկրացին ժամանել է Հայաստանի Հանրապետություն և առանց մուտքի վիզայի տեսակը փոխելու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․
11) սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով օտարերկրացին մուտք է գործել Հայաստանի Հանրապետություն և առանց աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու թույլտվություն ստանալու դիմել է սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքերով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար․
12) առկա է դատարանի՝ օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության տարածքից արտաքսելու կամ վտարելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշում․
13) լրացել է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տվյալ տարվա համար սահմանված քվոտան։
2․ Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դրույթները չեն տարածվում Հայաստանի Հանրապետությունում օրինական կարգով բնակվող ամուսին, ծնող կամ զավակ ունեցող անձանց վրա։»։