Հոդված 25. ․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29․3-29․7-րդ հոդվածներով․
Հոդված 25․ Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 29․3-29․7-րդ հոդվածներով․
«Հոդված 29․3․ Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացություն տալը
1. Օտարերկրացիները կարող են Հայաստանի Հանրապետությունում ստանալ ֆորմալ և ոչ ֆորմալ ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով, եթե առկա է Հայաստանի Հանրապետությունում գործող հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատության, գիտական կազմակերպության կամ համապատասխան իրավասություն ունեցող և ծառայություն մատուցող կազմակերպությունների և օտարերկրացու միջև կնքված տվյալ հաստատությունում կամ կազմակերպությունում օտարերկրացու ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր։
2. Հանրակրթական, արհեստագործական, միջին մասնագիտական, բարձրագույն կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունները և գիտական կազմակերպությունները էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով ներկայացնում են դիմում, ուսումնառության կամ գիտատեխնոլոգիական կամ նորարարական (ինովացիոն) գործունեության մասին պայմանագիր և այլ փաստաթղթեր, եթե դրանք սահմանված են սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով համապատասխան ուսումնական հաստատությունը կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասություն ունեցող կազմակերպությունը և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպությունը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ներկայացնում են էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով։
4. Ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում կարող են ներկայացնել կրթական գործունեություն իրականացնող հաստատությունները և (կամ) կազմակերպությունները։ Եթե ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) ծրագիր իրականացնում է կազմակերպությունը, որի հիմնական գործունեության ոլորտը կրթական ծրագրեր իրականացնելը չէ, ապա այդ կազմակերպությունը էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով պետք է ներկայացնի ոչ ֆորմալ կրթության (ուսումնառության) հիմքով օտարերկրացուն կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացնելու թույլտվություն ստանալու դիմում։ Դիմումի մասին դրական կամ բացասական եզրակացություն է տալիս կրթության ոլորտում պետական կառավարման լիազոր մարմինը։
5․ Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակ ստացած օտարերկրացուն ժամանակավոր կացության կարգավիճակ է տրվում՝ հիմք ընդունելով ուսումը կազմակերպող հաստատության հետ կնքված պայմանագրում նշված ժամկետը, բայց ոչ ավելի, քան ժամանակավոր կացության կարգավիճակի համար օրենքով նախատեսված ժամկետը:
6․ Ուսումնառության հիմքով ժամանակավոր կացության կարգավիճակն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝
1) ուսումնական հաստատությունը լուծել է օտարերկրացու հետ կնքված ուսման մասին պայմանագիրը, կամ կրթությունը (ուսումնառությունը) օրենքով սահմանված կարգով ընդհատվել է.
2) օտարերկրացին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել է ազատազրկման կամ սույն օրենքով սահմանված կարգով արտաքսվել է Հայաստանի Հանրապետությունից.
3) օտարերկրացուն կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը լուծարվել է, վերակազմակերպվել է կամ դադարեցրել է իրականացնել համապատասխան կրթական, ուսումնական կամ գիտական գործունեությունը:
7. Օտարերկրացուն կրթության կամ ուսումնառության հիմքով կացության կարգավիճակի տրամադրման դիմում ներկայացրած իրավաբանական անձը սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում պարտավոր է էլեկտրոնային միասնական հարթակի միջոցով միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին տեղեկացնել օտարերկրացու հետ կնքված կրթության (ուսումնառության) մասին պայմանագիրը լուծելու կամ կրթությունը (ուսումնառությունը) սահմանված կարգով ընդհատվելու մասին լուծելու կամ ընդհատելու օրվանից 10-օրյա ժամկետում։