Հոդված 21. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 21. ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՎԻՃԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ և ԱՅԼ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ, ՆԱԽԱԳԾՄԱՆ, ԿԱՌՈՒՑՄԱՆ և ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Նոր և վերակառուցված ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղաբաշխման, նախագծման, կառուցման և գործարկման, գոյություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների կատարելագործման ու նորերի ներդրման դեպքում անհրաժեշտ է ապահովել մթնոլորտային օդի վիճակի վրա վնասակար ներգործության նորմատիվների պահպանումն ու նվազեցումը: Ընդ որում, պետք է նախատեսվեն վնասակար նյութերի և արտանետումների որսումը, օգտահանումը, վնասազերծումը կամ մթնոլորտային օդն աղտոտող նյութերի արտանետման լիակատար բացառումը, մթնոլորտային օդի պահպանության մյուս պահանջների կատարումը, ելնելով այն բանից, որ նախագծվող, գործող և ապագայում կառուցվող ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների արտանետումները, ինչպես նաև ֆիզիկական վնասակար ներգործությունները միասին չհանգեցնեն մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նորմատիվների և մթնոլորտային օդի վրա ֆիզիկական վնասակար ներգործությունների սահմանային թույլատրելի նորմատիվների գերազանցմանը:
Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցվող (վերակառուցվող, քանդվող) օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների՝ շինարարական հրապարակից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով շինարարություն, ինչպես նաև փոշու արտանետման հետ կապված աշխատանքներ իրականացնող կազմակերպությունները դրանք իրականացնելու ընթացքում պարտավոր են`
ա) պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ և արտաքուստ վերանորոգվող շենքերը և շինությունները ծածկել շինարարությանը համապատասխան բարձրության անթափանց թաղանթով.
բ) շինարարական հրապարակից դուրս եկող ավտոմեքենաների անվադողերը լվանալ.
գ) ավազը, ցեմենտը, գաջը, խիճը, սորուն նյութերը և շինարարական աղբը տեղափոխել փոշու համար անթափանց ծածկոցներ ունեցող մեքենաներով.
դ) օդի դրական ջերմաստիճանի դեպքում շինարարական հրապարակը, բացառությամբ վերանորոգվող և վերակառուցվող փողոցների, օրվա ընթացքում պարբերաբար ջրել` բացառելով կեղտաջրերի թափանցումը շինարարական հրապարակի սահմաններից դուրս.
ե) հղկման աշխատանքներ իրականացնելիս օգտագործել փոշու արտանետումը բացառող սարքեր և տեխնոլոգիաներ.
զ) սորուն նյութերը (ավազ, գաջ, ցեմենտ) պահեստավորել փակ տարածքներում կամ ծածկել անթափանց թաղանթներով.
է) շինարարական աղբը տեղափոխել դրանց հեռացման համար հատուկ հատկացված վայրեր և հատուկ սահմանված երթուղով:
Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:
Հայաստանի Հանրապետության տարածքում մթնոլորտային օդի վիճակի վրա ազդող նոր և վերակառուցվող ձեռնարկությունները, կառույցները տեղաբաշխելու վերաբերյալ առաջարկությունները քննարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:
Մթնոլորտային օդի վիճակի վրա ներգործող բոլոր ձեռնարկությունների, կառույցների և այլ օբյեկտների տեղի ընտրությունը և դրանց կառուցման ու վերակառուցման նախագծերն էկոլոգիական փորձաքննության են ենթարկվում բնության պահպանության բնագավառում հատկապես լիազորված մարմինների կողմից` հասարակական կազմակերպությունների և անկախ փորձագետների մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(21-րդ հոդվածը լրաց. 20.03.07 ՀՕ-139-Ն)