Անցնել բովանդակությանը

Հոդված 10. Սեփականության օտարումը` պայմանագրի համաձայն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10. Սեփականության օտարումը` պայմանագրի համաձայն

1. Ձեռքբերողը պարտավոր է մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը օտարվող սեփականության սեփականատերերին և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ձևով՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով, ուղարկել սեփականության օտարման պայմանագրի (այսուհետ՝ օտարման պայմանագիր) նախագիծը:

2. Օտարվող սեփականության սեփականատերն օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ երկշաբաթյա ժամկետում, պարտավոր է պատշաճ ձևով հայտնել ձեռքբերողին օտարման ենթակա սեփականության նկատմամբ այն գույքային իրավունքներ ունեցողների մասին, որոնք օրենքով սահմանված կարգով պետական կամ այլ մարմնում չեն գրանցվել կամ ենթակա չեն եղել գրանցման: Եթե սույն մասում նշված ժամկետում օտարվող սեփականության սեփականատերն իրեն հայտնի օտարվող սեփականության նկատմամբ գրանցում չունեցող գույքային իրավունքներ ունեցողների մասին չի հայտնում ձեռքբերողին, ապա առանց այդ գույքային իրավունքներ ունեցողների մասնակցության սեփականության օտարման հետևանքով նրանց պատճառված վնասների համար պատասխանատվությունը կրում է օտարվող սեփականության սեփականատերը:

3. Օտարվող սեփականության սեփականատերը կամ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սեփականության օտարման պայմանագրի նախագիծը սույն օրենքով սահմանված կարգով ստանալուց (պայմանագրի վերաբերյալ պատշաճ ծանուցված համարվելուց) հետո՝ մեկամսյա ժամկետում, գրավոր և հիմնավորված առարկություններ կամ առաջարկություններ ներկայացնելու օտարման պայմանագրի նախագծի վերաբերյալ:

Ձեռքբերողն իրավունք ունի պայմանագիրը կնքելու նպատակով բանակցություններ վարելու օտարվող սեփականության սեփականատիրոջ և օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների հետ:

4. Սեփականությունը կարող է օտարվել` ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջ միջև կնքվող պայմանագրի համաձայն: Այս դեպքում կողմերի համաձայնությամբ են միայն որոշվում օտարվող սեփականության դիմաց տրվող համարժեք փոխհատուցման չափը, որը չի կարող պակաս լինել սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափից, իսկ նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում` նույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված չափից, իսկ ձեռքբերողի կողմից սույն օրենքի 5-րդ հոդվածի կարգավորումների ներքո չօտարվող մասի գծով տնտեսական կամ գործառութային նշանակության կորստի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ նախատեսվելու դեպքում՝ այդ միջոցառումների ցանկը և կատարման ժամկետները, ինչպես նաև փոխհատուցման ձևը, կարգը, ժամկետները, պայմաններն ու կողմերի պատասխանատվությունը: Եթե օտարվող սեփականության նկատմամբ կան ձեռքբերողին հայտնի գույքային իրավունքներ ունեցողներ, ապա օտարման պայմանագրի կողմ պետք է հանդիսանան նաև օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները: Օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքները կարող են դադարել նաև առանց սեփականատիրոջ համաձայնության՝ ձեռքբերողի և օտարման ենթակա սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողների միջև կնքվող պայմանագրի համաձայն։

(10-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։