Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով օտարվող սեփականության դիմաց փոխհատուցումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

1. Օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում: Համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

1.1. Ձեռքբերողը պարտավոր է սույն օրենքով սահմանված ժամկետում և կարգով օտարվող գույքն ազատելուց և ձեռքբերողին հանձնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, օտարման ենթակա սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին (բացառությամբ գրավառուների) տրամադրել լրացուցիչ փոխհատուցում՝ օտարվող գույքի շուկայական արժեքի, իսկ գույքային իրավունքներ ունեցողին՝ գույքային իրավունքի շուկայական արժեքի 15 տոկոսի չափով, եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները՝

1) չեն խոչընդոտում սեփականության նկարագրության արձանագրության կազմման նպատակով օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը․

2) ձեռքբերողի հետ կնքում են սույն օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պայմանագիրը, կամ այն կնքված է համարվում սույն օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով՝ մինչև ձեռքբերողի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը և

3) սահմանված ժամկետում և կարգով ազատում են օտարվող գույքը և հանձնում ձեռքբերողին (չեն խոչընդոտում կամ այլ կերպ անհնարին չեն դարձնում գույքի հանձնումը)։

2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց և մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի և գնորդի գիտակցաբար, արդարացի առևտրի պայմանների պահպանմամբ և օրինական գործողությունների արդյունքում ձևավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Սույն օրենքով սահմանված կարգով օտարվող սեփականության գնահատումն իրականացնելիս մինչև օրենքով սահմանված կարգով գնահատողի ընտրությունը լիազոր մարմինն օտարվող սեփականության սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին պատշաճ ծանուցում է սեփականության գնահատման իրավունք ունեցող սուբյեկտների ցանկի մասին։ Օտարվող սեփականության սեփականատերը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներն իրավունք ունեն սույն մասում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, լիազոր մարմնին գրավոր առաջարկելու իրենց համար նախընտրելի գնահատողի թեկնածությունը՝ կցելով այդ գնահատողի գրավոր համաձայնությունը։ Սույն մասով սահմանված առաջարկի ներկայացման դեպքում որպես գնահատող պարտադիր ներգրավվում է դիմումում մատնանշված սուբյեկտը։ Սույն հոդվածում նշված ծանուցումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, գնահատողի թեկնածության վերաբերյալ գրավոր առաջարկ չներկայացվելու կամ այդպիսի առաջարկ ներկայացնելուց հրաժարվելու դեպքում գնահատողի ընտրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով, պատահականության սկզբունքով։

3. Օտարվող սեփականության (բացառությամբ արժեթղթերի) դիմաց սեփականատիրոջը և սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվում է նաև ձեռնարկատիրական գործունեության ընդհատման (դադարեցման) ժամանակահատվածի, բայց ոչ ավելի, քան մեկ տարվա համար դրամական փոխհատուցում` կառավարության սահմանած չափով և կարգով, եթե օտարվող սեփականությունն անմիջականորեն օգտագործվել է սեփականատիրոջ կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության մեջ: Կառավարության որոշմամբ կարող են սահմանվել նաև սեփականատիրոջը գույքի օտարման հետևանքով վերաբնակեցման և կառավարության որոշմամբ սահմանված այլ սոցիալական ազդեցությունների դիմաց սոցիալական աջակցության տրամադրման կարգը և պայմանները:

3.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքի գնահատումն իրականացնելու համար կարող է ներգրավվել միայն «Գնահատման գործունեության մասին» օրենքով որպես գնահատող հանդես գալու իրավունք ունեցող անձը, բացառությամբ օտարվող արժեթղթերի: Օտարվող սեփականության գնահատումն իրականացվում է «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ, բացառությամբ օտարվող արժեթղթերի։ Օտարվող սեփականության շուկայական արժեքը գնահատվում և որոշվում է համապատասխան գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ։ Օտարվող արժեթղթերի գնահատումն իրականացվում է ձեռքբերողի կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից` հաշվի առնելով օրենսդրությամբ սահմանված կարգերը, բացառությամբ «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքի իմաստով բորսայական առևտրին թույլատրված արժեթղթերի, որոնց շուկայական արժեքը որոշվում է դրանց գնահատումն իրականացնելու օրվա դրությամբ փակման գնով կամ այդ օրվան հաջորդող օրվա փակման գնով, իսկ այդպիսին չլինելու դեպքում՝ գնահատումն իրականացնելու օրվան նախորդող վերջին 10 օրվա ընթացքում վերջին լավագույն գնման և վաճառքի հայտերի միջին կշռման գնով: Օտարվող արժեթղթերի սեփականատերը կարող է ձեռքբերողին ներկայացնել իր կողմից ներգրավված` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ իրավաբանական անձ հանդիսացող անկախ գնահատողի կողմից իրականացված գնահատման հաշվետվությունը: Ե՛վ ձեռքբերողի, և՛ սեփականատիրոջ ներգրավմամբ մեկից ավելի գնահատման հաշվետվությունների առկայության դեպքում հիմք է ընդունվում դրանցով սահմանված արժեքների միջինը:

4. Օտարվող սեփականության շուկայական արժեքը չպետք է ներառի սեփականության արժեքի որևէ նվազեցում կամ ավելացում, որը պայմանավորված է հետևյալ պատճառներից որևէ մեկով՝

ա) այն նպատակով, որի համար օտարվում է սեփականությունը.

բ) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հանգամանքով.

գ) ձեռքբերողի ցանկացած նախնական գործողությամբ, որը կապված է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հետ (այդ թվում՝ նախնական ուսումնասիրությունը).

դ) սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքներով:

4.1. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հաշվի չեն առնվում (չեն գնահատվում) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չհաշվառված ինքնակամ շենքերը կամ շինությունները:

4.2. Օտարվող սեփականության շուկայական արժեքը որոշելիս հողամասերը դիտարկվում են առանձին` որպես չկառուցապատված հողամաս` առանց բարելավումների, իսկ հողամասում առկա ծառերը, մշակաբույսերը և հողամասին ամրակցված այլ բարելավումները գնահատվում են առանձին` «Գնահատման գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով, կառավարության սահմանած գնահատման ստանդարտներով և սույն օրենքով նախատեսված կարգով սահմանված գնահատման մեթոդաբանությամբ։

4.3. Վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի դեպքում բնակելի տարածք հանդիսացող գույքի (առանց հողամասի) արժեքը որոշվում է նույն տարածագնահատման գոտում գտնվող համանման ոչ վթարային գույքի արժեքը 30 տոկոսով նվազեցնելով:

5․ Սեփականության օտարման հետ կապված օտարվող սեփականության սեփականատիրոջ համար պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ առաջացող ֆինանսական պարտավորությունները (հարկերը, այդ թվում՝ օտարվող սեփականության դիմաց ստացվող փոխհատուցման գումարներից առաջացող հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները), իսկ արժեթղթերի դեպքում՝ նաև իրավասու մարմինների կողմից մատուցվող անհրաժեշտ ծառայությունների համար վճարները (արժեթղթերի պահպանման և հաշվի սպասարկման վճարները և այլն) կատարում է ձեռքբերողը:

6. Օտարվող սեփականության նկատմամբ առկա գույքային իրավունքների շուկայական արժեքը որոշվում է սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատողի կողմից, իսկ օտարվող սեփականության նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողներին տրամադրվող համարժեք փոխհատուցման չափը որոշվում է սույն հոդվածի 1-5-րդ մասերով սահմանված կանոններով՝ հիմք ընդունելով սույն օրենքով սահմանված կարգով նշանակված գնահատման արդյունքով որոշված՝ համապատասխան գույքային իրավունքի շուկայական արժեքը։ Գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատման և դրանց դիմաց փոխհատուցման սույն օրենքով սահմանված կարգը կիրառելի չէ գրավի իրավունքի նկատմամբ, որի դեպքում գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 243-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգը:

7. Կառավարության սահմանած կարգով կազմված օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվանից հետո օտարվող սեփականության օտարման կամ իրավահաջորդությամբ անցնելու դեպքում սույն օրենքով սահմանված փոխհատուցումը վճարվում է օտարվող սեփականության նոր սեփականատիրոջը: Մինչև օտարվող սեփականության սեփականատիրոջ փոփոխությունը նախկին սեփականատիրոջ կողմից կատարված գործողությունները նոր սեփականատիրոջ համար պարտադիր են այնքանով, որքանով դրանք պարտադիր կլինեին օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու օրվա դրությամբ օտարվող սեփականության սեփականատիրոջ համար:

(11-րդ հոդվածը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց., խմբ. 11.02.26 ՀՕ-28-Ն)

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։