Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը

(վերնագիրը փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն)

1. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունն օտարվում է միայն կառավարության կողմից օտարման նպատակը հանրության գերակա շահ ճանաչվելու դեպքում: Օտարման նպատակը հանրության գերակա շահ կարող է ճանաչվել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում․

ա) օտարման նպատակը սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կարող է համարվել գերակա հանրային շահ և ողջամտորեն իրագործելի է սահմանված վերջնաժամկետում․

բ) օտարման հիմք դիտարկվող հանրային շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերին.

գ) հանրության գերակա շահի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց տվյալ սեփականության օտարման.

դ) սեփականության օտարումը չհիմնավորված վնաս չի պատճառում սեփականատիրոջը.

ե) սեփականության օտարումն ուղղակիորեն նպաստելու է օտարման նպատակի իրագործմանը․

զ) օտարման ենթակա սեփականությունն օգտագործվելու է բացառապես հանրության գերակա շահ ճանաչված օտարման նպատակով.

է) օտարման ենթակա սեփականության ձեռքբերողը պետությունը կամ համայնքն է կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը, իսկ եթե որպես ձեռքբերող հանդես է գալիս այլ սուբյեկտ, ապա հիմնավորված է այդպիսի ձեռքբերողի ներգրավումը։

1.1. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման նախագծերը ենթակա են հանրային քննարկման, որի կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է կառավարությունը։

2. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման մեջ նշվում են՝

ա) հանրության գերակա շահը, որի համար պետք է օտարվի սեփականությունը.

բ) օտարվող սեփականության ձեռքբերողը.

գ) օտարման ենթակա սեփականության իրավունքի օբյեկտները և օտարվող սեփականությունը նույնականացնող տվյալները (հասցեն կամ գտնվելու վայրը, առկայության դեպքում` հանրության գերակա շահ ճանաչվող տարածքի սխեման, գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի տվյալները, կադաստրային ծածկագիրը, ինչպես նաև օտարվող սեփականությունը նույնականացնող բոլոր այլ հասանելի տվյալները, իսկ արժեթղթերի դեպքում՝ թողարկողի անվանումը, արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագրերը կամ արժեթղթերի նույնականացնող ծածկագիրը, արժեթղթերի տեսակը, դասը, քանակը, դրանց անվանական արժեքը և թողարկման արժույթը).

դ) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը չի կարող մեկ տարուց, իսկ անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների դեպքում հինգ տարուց ավելի սահմանվել՝ սկսած հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

ե) տվյալ օտարման գործառույթների իրականացումը համակարգող, իսկ եթե ձեռքբերողը պետությունն է, ապա նաև սեփականության օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու պետական մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին).

զ) օտարման նպատակի իրագործումն սկսելու և ավարտելու վերջնաժամկետները.

է) սույն օրենքից բխող այլ անհրաժեշտ տվյալներ:

Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասի «ե» կետով նախատեսված լիազոր մարմնի գործառույթը` Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող օտարվող սեփականության մասով, որպես պատվիրակված լիազորություն պատվիրակելու Երևանի քաղաքապետին:

2.1. Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով կամ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ նշվում են նաև՝

1) պետական սեփականություն հանդիսացող հողամասի կամ այլ պետական գույքի ուղղակի վաճառքի անհրաժեշտության հիմնավորումը.

2) պետական սեփականություն հանդիսացող հողամասի կամ այլ պետական գույքի տվյալները։

2.2 Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ սահմանված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման (ինքնակամ կառույցների օրինականացման) հետևանքով հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշման ընդունումից հետո սեփականության իրավունքի առաջին պետական գրանցում ստացած անշարժ գույքերի նկատմամբ տարածվում է հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումը: Կառավարության որոշմամբ սահմանված սխեմայի և գույքերի ցանկի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է սխեմայի տվյալներին:

2․3. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմամբ նախատեսված անշարժ գույքի սահմանների ճշտումից, անշարժ գույքի հետագա բաժանումից կամ այլ անշարժ գույքի հետ միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև համապատասխանաբար սահմանների ճշտումը, բաժանումը կամ միավորումը, համարվում են իրականացված առաջացած անշարժ գույքի մասով:

3. Եթե ձեռքբերողը պետությունը չէ, ապա հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշմանը կցվում է համապատասխան ոլորտի պետական կառավարման մարմնի և ձեռքբերողի միջև կնքված պայմանագիրը, որով սահմանվում են սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը: Եթե ձեռք բերողը Երևանի համայնքը չէ, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի սույն մասով նախատեսված պետության անունից պայմանագիրը կնքելու լիազորությունը` որպես պատվիրակված լիազորություն, վերապահելու Երևանի քաղաքապետին: Այդ պայմանագիրն ուժի մեջ է մտնում հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

Եթե ձեռք բերողը Երևանի համայնքն է, և եթե օտարվող գույքը գտնվում է Երևան քաղաքի վարչական տարածքում, ապա համայնքի հետ սույն մասով նախատեսված պայմանագիրը չի կնքվում, և ձեռք բերող Երևանի համայնքի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են հանրության գերակա շահ ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Եթե ձեռքբերողը պետությունը կամ համայնքը կամ պետության կամ համայնքի հիմնադրած կամ դրանց մասնակցությամբ իրավաբանական անձը չէ, ապա այդ ձեռքբերողի ընտրությունն իրականացվում է կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասը կամ այլ անշարժ գույքը կամ պարտադիր կամ կամավոր պետական գրանցման ենթակա այլ գույքը հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության վերաբերյալ համապատասխան տվյալները (տեղեկատվությունը) անշարժ գույքի պետական ռեգիստրը կառավարության որոշումը լիազոր մարմնի կողմից ստանալուց հետո՝ 15-օրյա ժամկետում, արտացոլում է իրավական կադաստրի տեղեկատվության կազմում, իսկ արժեթղթերի դեպքում իրավասու մարմինն իրականացնում է այդ տեղեկատվությունը համակարգում գրանցելու գործառնություն: Սույն մասով սահմանված հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումից ծագող օտարվող սեփականության մասին համապատասխան տվյալների (տեղեկատվության) վերաբերյալ իրավական կադաստրի տեղեկատվության կազմում կամ իրավասու այլ մարմնի համակարգում կատարված գրառումները վերացվում են լիազոր մարմնի կամ ձեռքբերողի կողմից գրանցում իրականացնող մարմին ներկայացված կառավարության որոշումը ամբողջությամբ կամ մասնակի ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ գրավոր տեղեկատվության հիման վրա, որը տրամադրվում է կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց կամ կառավարության որոշումն ամբողջությամբ կամ մասամբ անվավեր ճանաչելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում:

4.1. Մինչև հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելը լիազոր մարմինն այդ մասին տեղեկացնում է քրեական վարույթն իրականացնող մարմնին, եթե առկա է տեղեկատվություն օտարվող գույքի՝ քրեական վարույթով արգելադրված կամ գրավի առարկա լինելու մասին:

5. Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող յոթ օրվա ընթացքում պատշաճ ձևով ուղարկվում է օտարվող սեփականության սեփականատիրոջը (առկայության դեպքում՝ նաև արժեթղթերի անվանատիրոջը) և օտարվող սեփականության նկատմամբ գրանցում ունեցող գույքային իրավունքներ ունեցող անձանց, իսկ եթե սեփականության սեփականատերը սնանկության վարույթով հանդիսանում է պարտապան, ապա նաև սնանկության գործով կառավարչին՝ սույն օրենքի 17-րդ հոդվածով սահմանված կարգով:

6․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կառավարության սահմանած կարգով և ժամկետներում լիազոր մարմինը կազմում է օտարվող սեփականության օբյեկտի նկարագրության արձանագրությունը, որին իրավունք ունեն մասնակցելու ձեռքբերողը, իրավունքի պետական գրանցում ունեցող օբյեկտի սեփականատերը, իրավունքի պետական գրանցում չունեցող օբյեկտի փաստացի տիրապետողը և սեփականության օբյեկտի նկատմամբ գույքային իրավունքներ ունեցողները, եթե սեփականության նախնական ուսումնասիրության ժամանակ արձանագրությունը չի կազմվել։

Օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս օգտագործվում են տեխնիկական սարքավորումներ, որոնց ցանկը, կիրառման կարգը և օտարվող սեփականության նկարագրության կազմման ընթացակարգը, մեթոդաբանությունը, օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրության, ինչպես նաև դրա կազմման համար հիմք հանդիսացած նյութերի պահպանման կարգը և ժամկետները սահմանում է կառավարությունը:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տիրապետողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, սեփականության նկարագրության արձանագրության կազմման աշխատանքները, ապա լիազոր մարմինը սեփականության նկարագրության արձանագրությունը կազմում է առկա հնարավորությունից ելնելով, որը և հիմք է հանդիսանում բարելավումները գնահատելու համար:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա լիազոր մարմինն իրավասու է օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելու կառավարության սահմանած տեխնիկական սարքավորումների միջոցով, իսկ նկարագրության արձանագրությունում գույքի ներքին վիճակի վերաբերյալ տեղեկություններն արձանագրելու` հիմք ընդունելով շուկայում առկա հարդարվածության միջին վիճակը: Օտարվող սեփականության արձանագրությունը ներառում է նշում` սեփականության նկարագրության արձանագրությունն օտարվող սեփականության սեփականատիրոջ կողմից դրա կազմումը խոչընդոտելու պայմաններում կատարված լինելու վերաբերյալ:

Եթե օտարման ենթակա սեփականության սեփականատերը կամ այդ սեփականությունը փաստացի տնօրինողը խոչընդոտում է օտարվող սեփականություն մուտք գործելը կամ այլ կերպ անհնարին է դարձնում օտարվող սեփականության հասանելիությունը, ապա սեփականության նկարագրության արձանագրությունն անվավեր կամ այդ արձանագրության հիման վրա որոշված` օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման չափը ոչ համարժեք չի կարող ճանաչվել սեփականության նկարագրության արձանագրությունը կազմելիս այնպիսի պահանջների չպահպանման հիմքով, որոնց պահպանումն օբյեկտիվորեն անհնարին է դարձել սեփականատիրոջ կամ սեփականությունը փաստացի տնօրինողի՝ օտարվող սեփականություն մուտք գործելը խոչընդոտելու կամ օտարվող սեփականության հասանելիությունն այլ կերպ անհնարին դարձնելու հետևանքով:

Օտարվող սեփականության նկարագրության արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկվում է սեփականատիրոջը (իրավունքի պետական գրանցում չունեցող գույքի դեպքում՝ տիրապետողին, առկայության դեպքում` նաև արժեթղթերի անվանատիրոջը) և սեփականության նկատմամբ գրանցված գույքային իրավունքներ ունեցող անձանց, որոնք իրավունք ունեն արձանագրությունն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում, այն բողոքարկել լիազոր մարմնին կամ դատարան:

7․ Հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության որոշումը ենթակա է պարտադիր հրապարակման նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։

(7-րդ հոդվածը լրաց. 19.05.09 ՀՕ-121-Ն, փոփ. 24.10.18 ՀՕ-405-Ն, լրաց. 04.06.21 ՀՕ-274-Ն, խմբ., լրաց., փոփ. 11.02.26 ՀՕ-28-Ն )

(11.02.26 ՀՕ-28-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։