Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 8.2. Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8.2 Ներկայացուցչի լիազորությունները Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժներում և օտարերկրյա դատարաններում ներկայացնելիս

Ներկայացուցիչը՝

1) Հայաստանի Հանրապետության դեմ արբիտրաժային կամ վեճը դատարան հանձնելու վերաբերյալ ծանուցում ստանալու դեպքում ըստ անհրաժեշտության բանակցություններ է վարում կողմի հետ վեճն արտադատական կարգով լուծելու նպատակով.

1.1) սույն հոդվածի 1-ին կետով սահմանված բանակցությունների արդյունքով կազմում է հաշտության համաձայնագիր, որը հաստատում է Կառավարությունը՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ արբիտրաժային վեճերի շրջանակում մասնակցում է արբիտրաժային տրիբունալի կազմավորմանը՝ կիրառելի արբիտրաժային կանոնների համաձայն նշանակելով Հայաստանի Հանրապետության արբիտրին, բանակցելով կողմի հետ նախագահող արբիտրի նշանակման հարցի շուրջ և այլ անհրաժեշտ գործողություններ իրականացնելով.

3) Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացված արբիտրաժային ծանուցման, դիմումի կամ դատական հայցի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

4) սեփական նախաձեռնությամբ կամ իրավասու մարմնի միջնորդության հիման վրա անհրաժեշտության դեպքում վարչապետի կամ իրավասու մարմինների հետ խորհրդակցելուց հետո օտարերկրյա դատարանների վարույթում գտնվող գործի քննությանը ներգրավվում է որպես երրորդ կողմ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը.

5) Կառավարության որոշման հիման վրա վեճը հանձնում է արբիտրաժային տրիբունալի կամ օտարերկրյա դատարանի քննությանը.

6) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության շահերը միջազգային արբիտրաժում և օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերով.

6.1) միջազգային արբիտրաժային վեճերի կամ օտարերկրյա դատարաններում Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ քննվող գործերի շրջանակներում բանակցված հաշտության համաձայնագիրը հաստատման է ներկայացնում Կառավարություն, որը հաստատում է այն՝ սահմանելով համաձայնագրի ստորագրման և դրանից բխող պարտավորությունների իրականացման կարգը.

7) ըստ անհրաժեշտության՝ սահմանված կարգով բողոքարկում է օտարերկրյա դատարանների որոշումները (վճիռները).

8) ըստ անհրաժեշտության՝ արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացնում.

8.1) արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առնչությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության շահերն արբիտրաժային որոշումը (վճիռը) չեղյալ ճանաչելու վարույթում.

9) կազմակերպում է արբիտրաժային և օտարերկրյա դատարանների որոշումների (վճիռների) ճանաչումը և կատարումը:

(8.2-րդ հոդվածը լրաց. 16.12.21 ՀՕ-414-Ն, 13.04.23 ՀՕ-142-Ն)

(16.12.21 ՀՕ-414-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։