Հոդված 17. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը
Հոդված 17. ՊՄԳ պայմանագրերի պայմանների փոփոխությունը
1. ՊՄԳ պայմանագրի պայմանները, այդ թվում՝ ՊՄԳ պայմանագրի ժամկետը, կարող են փոփոխվել, եթե նման փոփոխություն կատարելու հնարավորությունը հստակ և ուղղակի դրույթով նախատեսված է ՊՄԳ պայմանագրով: Այդ դրույթը սահմանում է հնարավոր փոփոխությունների շրջանակը, բնույթը և կատարման կարգը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնց առկայության դեպքում այդ հնարավորությունը կարող է օգտագործվել:
2. ՊՄԳ պայմանագիրը ներառում է սույն հոդվածի 1-ին մասի կիրառման հիմքով Կառավարության որոշմամբ ՊՄԳ պայմանագիրը միակողմանիորեն փոփոխելու, ինչպես նաև տվյալ հանրային ենթակառուցվածքին կամ հանրային ծառայությանն ուղղակիորեն վերաբերող Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության հետևանքով մասնավոր գործընկերոջ կրած վնասների հատուցման կարգը և պայմանները:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փոփոխությունը կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ՝
1) լիազոր մարմնի կողմից այդ փոփոխության վերաբերյալ տրված՝ սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված եզրակացությունը դրական է.
2) ՊՄԳ ծրագիրը շարունակում է համապատասխանել սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված չափանիշներին: