Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը
Հոդված 14. Կարգավորող հանձնաժողովը
1. Կարգավորող հանձնաժողովն իրավասու է՝
1) սահմանելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները և դրանց հաշվարկման (մշակման) մեթոդիկաները.
2) ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնելու լիցենզավորում՝ սույն օրենսգրքին համապատասխան իր հաստատած լիցենզավորման կարգի համաձայն.
3) վերահսկելու ջրամատակարարման, ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման ոլորտում իր տրամադրած լիցենզիայի պայմանների կատարումը, իրականացնելու լիցենզավորված անձանց գործունեության մոնիթորինգ (մշտադիտարկում) և կիրառելու սույն օրենսգրքով սահմանված տուժանքները.
4) սահմանելու խմելու ջրամատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները.
5) սահմանելու լիցենզավորված անձանց և բաժանորդների միջև կնքվող՝ խմելու ջրամատակարարման կամ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը կամ պարտադիր պայմանները.
6) իր սահմանած կարգով կազմակերպելու քննարկումներ Կարգավորող հանձնաժողով ուղղված հարցադրումների, բողոքների վերաբերյալ և քննարկումների արդյունքով կայացնելու որոշումներ.
7) լիցենզավորված անձանց համար սահմանելու Հայաստանի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ` կարգավորմանը վերաբերող հաշվետվությունների ներկայացման նպատակով.
8) սահմանելու սպառողներին մատուցվող ծառայությունների որակին (սպասարկման որակին) ներկայացվող նվազագույն պահանջները.
9) ապահովելու իր ընդունած որոշումների կիրարկումը, կատարման նկատմամբ հսկողությունը և մեկնաբանումը։
Կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում (լիցենզիաներ չի տրամադրում և սակագներ չի սահմանում) «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը:
(14-րդ հոդվածը լրաց. 24.10.11 ՀՕ-273-Ն, խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն)