Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը
Հոդված 37.2. Հորատանցքերի կոնսերվացումը և լուծարումը
Կոնսերվացման ենթակա են այն հորատանցքերը, որոնք պիտանի են շահագործման համար, սակայն այդ հորերից ջրօգտագործում չի իրականացվում:
Լուծարման ենթակա են այն հորատանցքերը, որոնք տեխնիկական անսարքության պատճառով շահագործման համար պիտանի չեն, և առկա է հետևյալ պայմաններից որևիցե մեկը.
1) հորատանցքի վերնամասը լցված է քարերով, մետաղական թափոններով, շինարարական աղբով, և հորի վերականգնումը հնարավոր չէ.
2) ջրերը խմելու, տնտեսական օգտագործման և ոռոգման համար պիտանի չեն.
3) ինքնահոս շատրվանող հորերը, որոնց ջրերը չեն օգտագործվում, հանգեցնում են շրջապատի ճահճացմանը, գրունտային ջրերի մակարդակի բարձրացմանը և հողային ռեսուրսների աղակալմանը.
4) արտախողովակային հոսքի առկայության դեպքում, եթե վերանորոգումը հնարավոր չէ.
5) սույն օրենսգրքի 34-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:
Հորատանցքերի լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են այն անձանց միջոցների հաշվին, որոնց սեփականության իրավունքով պատկանող տարածքում գտնվում է տվյալ հորը:
Լուծարումը և կոնսերվացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: