Հոդված 79.1. Սակագների սահմանման և վերանայման գործընթացը
Հոդված 79.1. Սակագների սահմանման և վերանայման գործընթացը
1. Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (այսուհետ՝ կարգավորող հանձնաժողով):
2. Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց 30 օր հետո: Սակագների գործողության ժամկետը մեկ տարուց պակաս չի կարող լինել:
3. Կարգավորող հանձնաժողովը կարող է սահմանել ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի գործունեության երկարաժամկետ սակագին:
4. Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի, այնպես էլ կարգավորող հանձնաժողովի նախաձեռնությամբ: Կարգավորող հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո՝ 90-օրյա ժամկետում:
5. Կարգավորող հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին՝ իր հաստատած ընթացակարգի համաձայն՝ ելնելով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
6. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը կարող է խմելու կամ ոռոգման կամ տեխնիկական ջուրը վաճառել կամ ջրահեռացման ծառայությունները մատուցել կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի իր գործունեությունը, և եթե այդ իջեցումը կատարվում է ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս կարգավորող հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձի հնարավոր վնասները:
7. Հիմք ընդունելով սույն օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ կարգավորող հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները։
8. Կարգավորող հանձնաժողովին հաշվետվություններ ներկայացնելու նպատակով կարգավորող հանձնաժողովը ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց համար սահմանում է Հայաստանի Հանրապետության օրենքներին, ազգային հաշվային պլանին և իրավական այլ ակտերին համապատասխանող հաշիվներ և ենթահաշիվներ։
9. Ջրային համակարգի օգտագործման թույլտվություն ունեցող անձը գործունեությանը վերաբերող հաշվետվությունները, այլ տեղեկատվությունը (անհրաժեշտ հիմնավորող փաստաթղթերով) ներկայացնում է կարգավորող հանձնաժողով՝ վերջինիս սահմանած ձևերով և կարգով:
10. Ներկայացված հաշվետվությունների ու տեղեկատվությունների հավաստիության ճշգրտման նպատակով կարգավորող հանձնաժողովն իրավասու է իրականացնել կամ կազմակերպել ֆինանսատնտեսական գործունեության ուսումնասիրություններ՝ պահանջելով հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթեր:
(79.1-րդ հոդվածը լրաց. 25.12.03 ՀՕ-19-Ն)