Հոդված 77. Ջրօգտագործման թույլտվության համար վճարները
Հոդված 77. Ջրօգտագործման թույլտվության համար վճարները
Ջրօգտագործման թույլտվության համար վճարի սահմանման հիմքերն են՝
1) ջրային ռեսուրսից վերցված ջրի ծավալը, որակը և ռեժիմը.
2) թողարկված արտադրանքի, մատուցված ծառայությունների, կատարված աշխատանքների ծավալը, որն իրականացվել է առանց ջրային ռեսուրսից ջուր վերցնելու.
3) ջրային ռեսուրսի օգտագործվող մակերեսը.
4) ջրերի որակական և քանակական հատկանիշներով պայմանավորված՝ ջրային ռեսուրսի նպատակային կամ ոչ նպատակային օգտագործումը.
5) ջրերի մեջ թափվող կեղտաջրերի ծավալը և որակը:
Ջրօգտագործման արդյունավետության և ջրերի որակի բարձրացման համար շահագրգռվածություն առաջացնելու նպատակով ջրօգտագործման թույլտվություն ունեցող առանձին անձանցից գանձվող ջրօգտագործման թույլտվության վճարները կարող են լինել տարբեր` նկատի առնելով այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝
1) ջրային ռեսուրսից վերցված և բաց թողնված ջրի որակը՝ համեմատած այն ջրային ռեսուրսների որակի հետ, որի մեջ է թափվում այդ ջուրը, ինչպես նաև ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ստացվող օգուտը.
2) մոնիտորինգի ծախսերը.
3) վերցված ջրի քանակությունը.
4) ջրի քանակի ու որակի վրա հնարավոր ազդեցությունը և դրան առնչվող ռիսկերն ու վերականգնման ծախսերը:
Եթե ջրօգտագործումը համապատասխանում է հասարակական, այդ թվում՝ ջրամատակարարման և ջրահեռացման հավասար հասանելիության ապահովման տեսանկյունից մեկուսացված և խոցելի խմբերի շահերին և սույն օրենսգրքի պահանջներին, ապա Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն անհրաժեշտության դեպքում կարող է առաջարկել նվազեցնել ջրօգտագործման թույլտվությունների վճարները կամ տրամադրել ֆինանսական օժանդակություն՝ տնտեսական զարգացումն ու ներդրումները խթանելու համար։
Սույն օրենսգրքով նախատեսված բնապահպանական վճարների սահմանման հիմքերն են՝
1) թափվող կեղտաջրերի կազմը, քանակը, որակը և դրանց բնութագիրը.
2) կեղտաջրերի տեսակը և ազդեցության աստիճանը ջրային ռեսուրսների վրա.
3) արտահոսող կեղտաջրերն ընդունող ջրային ռեսուրսի էկոլոգիական վիճակը.
4) ջրօգտագործման մոնիտորինգի պահանջվող մակարդակը:
(77-րդ հոդվածը լրաց. 07.07.22 ՀՕ-316-Ն)
(07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ)