Հոդված 25. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորությունները
Հոդված 25. Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորությունները
Ծառայողական քննություն իրականացնող անձի լիազորություններն են՝
ա) սահմանված ժամկետներում անցկացնել լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ ծառայողական քննություն՝ կատարված գործողություններին տալով համապատասխան փաստաթղթային ձևակերպում.
բ) ծառայողական քննություն նշանակած պաշտոնատար անձի և ծառայողական քննություն իրականացնող անձի անմիջական ղեկավարի պահանջով պարբերաբար նրան ներկայացնել ծառայողական քննության նյութերը և զեկուցել քննության ընթացքի մասին.
գ) ոստիկանության ծառայություններից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, այլ մարմիններից և կազմակերպություններից սահմանված կարգով պահանջել փաստաթղթեր, նյութեր և տվյալներ, որոնք կարող են տեղեկություններ պարունակել իրավախախտման և դրան առնչվող անձանց մասին.
դ) վերցնել գործի համար նշանակություն ունեցող և ոստիկանությունում պահվող կամ գտնվող իրեր և փաստաթղթեր.
ե) վերցնել բացատրություններ (լրացուցիչ բացատրություններ) կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողից, ծառայողական քննությանն աջակցող անձանցից, այլ անձից.
զ) կատարել զննություն.
է) նշանակել փորձաքննություն.
ը) «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով միջնորդություն ներկայացնել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին՝ ժամանակավորապես դադարեցնելու կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի լիազորությունները, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով` նա կխոչընդոտի ծառայողական քննությանը.
թ) մինչև ծառայողական քննության ավարտը կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողին ծանոթացնել ծառայողական քննության նյութերին, ներառյալ` եզրակացությանը, բացառությամբ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալների.
ժ) իր իրավասության սահմաններում լուծել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի միջնորդությունները.
ժա) պարզաբանել կարգապահական խախտում կատարելու մեջ մեղադրվող ոստիկանության ծառայողի, մասնագետի, թարգմանչի, այլ անձի իրավունքներն ու պարտականությունները:
Ծառայողական քննություն իրականացնող անձն ունի սույն օրենքով նախատեսված այլ լիազորություններ: