Հոդված 5. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում
Հոդված 5. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում
1. Ծառայողական կարգապահությունը ոստիկանությունում ոստիկանության ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության օրենքներով, նորմատիվ իրավական այլ ակտերով սահմանված պարտականությունների խստիվ ու ճշգրիտ պահպանումն է, կատարումը և իրավազորությունների իրականացումը:
2. Կարգապահությունը ոստիկանությունում հիմնվում է ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման և էթիկայի կանոնների պահպանման համար անձնական պատասխանատվության գիտակցման, ինչպես նաև իր ղեկավարների լիազորությունների շրջանակներում տված հրամանների (հրահանգների, կարգադրությունների) ճիշտ և ժամանակին կատարման վրա:
3. Ոստիկանությունում կարգապահությունը ձեռք է բերվում ղեկավարների խստապահանջությամբ՝ հարգելով ենթակաների արժանապատվությունը, խրախուսման, համոզման և հարկադրանքի միջոցների զուգորդմամբ, ենթակաների նկատմամբ մշտական հոգատարությամբ:
4. Համատեղ ծառայություն կատարելիս միմյանց ենթակայության տակ չգտնվող ոստիկանության ծառայողների ծառայողական փոխհարաբերությունները կարգավորում է համատեղ ծառայություն նշանակող ղեկավարը (հրամանատարը): Ծառայությամբ միմյանց չենթարկվող ոստիկանության ծառայողների ավագությունը որոշվում է պաշտոններով և կոչումներով: Պաշտոնով և կոչումով ավագները իրավասու են դիտողություն անելու և կրտսերներից պահանջելու կարգապահության, այդ թվում` համազգեստ կրելու կանոնների պահպանում:
(5-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-36-Ն)