Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ և ՍՊՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմինը`
ա) իրականացնում է բնագավառի միասնական պետական քաղաքականությունը և զարգացման ռազմավարությունը, ընդունում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտեր, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտեր.
բ) համադասում է պետական և տարեկան ծրագրերի մշակման գործընթացը: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում այդ ծրագրերով նախատեսված պետական պատվերների տեղադրման կարգը.
գ) համադասում է բնակչության շրջանում տարվող ֆիզկուլտուրային-առողջարարական, մարզական աշխատանքները, Հայաստանի Հանրապետության հավաքականների համալրման գործընթացը.
գ.1) «մարզական ենթակառուցվածքների ստեղծման և կառավարման ուղղությամբ համագործակցում է մասնավոր ոլորտի հետ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով.
դ) շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, այլ մարզական կազմակերպությունների հետ մշակում և հաստատում է ֆիզկուլտուրային, մարզական չափորոշիչները: Մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի իրավական ակտերը, մասնավորապես զանգվածային սպորտին, բարձրագույն նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին առնչվող իրավական ակտերը, այդ թվում՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետում նշված իրավական ակտերը.
ե) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների հետ կազմում և հաստատում է նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների, սովորող երիտասարդության և ուսանողների ֆիզիկական դաստիարակության պետական ծրագրերը.
զ) իրականացնում է այդ բնագավառի գիտամեթոդական ապահովումը, կազմակերպում է ֆիզկուլտուրային կադրերի, այդ թվում` մարզիչ-մանկավարժների պատրաստումը և վերապատրաստումը.
զ.1) իրականացնում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) ֆիթնեսի մարզիչների հավաստագրումը.
է) համագործակցում է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի հասարակական կազմակերպությունների հետ.
ը) Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և օլիմպիական մարզաձևերի ազգային ֆեդերացիաների ներկայացմամբ հաստատում է օլիմպիական խաղերի նախապատրաստման քառամյա փուլային ծրագիրը, հանրապետական մարզական և զանգվածային միջոցառումների օրացուցային պլանը.
թ) աջակցում է հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում ֆիզկուլտուրային և մարզական ծրագրերի իրականացմանը.
ժ) իր իրավասության սահմաններում կնքում է միջազգային պայմանագրեր.
ժ.1) տարածքային կառավարման մարմինների հետ համատեղ կազմակերպում է ոլորտի տարածքային քաղաքականության իրականացումը.
ժ.2) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց առաջարկում է ներկայացնել պետական պարգևների.
ժ.3) մարզիկներին շնորհում է մարզական կոչումներ և կարգեր, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի լավագույն աշխատողներին և կազմակերպություններին, ինչպես նաև այդ ոլորտում ներդրում ունեցած անձանց պարգևատրում է մեդալներով, մրցանակներով, հուշանվերներով և արժեքավոր այլ նվերներով, տալիս է հավաստագրեր.
ժ.4) միջազգային միջոցառումներում առավել բարձր արդյունքների հասած մարզիկներին արժանացնում է «Սպորտի վաստակավոր վարպետ» կոչման.
ժ.5) ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառի վաստակաշատ անձանց արժանացնում է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կոչման.
ժ.6) հաստատում է օտարերկրյա պետություններում կազմակերպվող մրցաշարերին և այլ մարզական միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ոչ մարզիկ ներկայացուցիչների կազմը.
ժ.7) ապահովում է Հայաստանում Ազգային հակադոպինգային կազմակերպության մասնագիտական անկախությունը և նպաստում դրա համապատասխանությանը «Սպորտում դոպինգի դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) հաստատած միջազգային կոնվենցիային, Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքին և միջազգային չափորոշիչներին.
ժ.8) սահմանում է ֆիթնես կենտրոնների կամ մարզասրահների (անկախ սեփականության ձևից) մարզիչների հավաստագրման կարգը և պայմանները, ինչպես նաև մարզական գործունեության այլ տեսակները.
ժ.9) սահմանում է մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչության և անվանափոխության կարգը և չափորոշիչները.
ժ.10) վարում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը.
ժ.11) սահմանում է սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգը.
ժ.12) մշակում, ներդնում և վարում է սպորտի ոլորտի պետական վարչական ռեգիստրները.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(9-րդ հոդվածը լրաց. 10.06.09 ՀՕ-151-Ն, փոփ. 14.04.11 ՀՕ-88-Ն, լրաց., փոփ., խմբ. 10.09.19 ՀՕ-160-Ն, փոփ. 11.05.20 ՀՕ-263-Ն, խմբ. 01.03.23 ՀՕ-44-Ն, փոփ. 07.02.24 ՀՕ-53-Ն, 28.02.24 ՀՕ-123-Ն, լրաց. 29.05.25 ՀՕ-123-Ն, փոփ., լրաց. 22.01.25 ՀՕ-14-Ն, լրաց. 04.03.26 ՀՕ-59-Ն)