Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 18.6. Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկների իրավունքներն ու պարտականությունները
Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները և սպասարկող անձնակազմը մարզաձևերի համապատասխան ազգային ֆեդերացիաների հետ կարող են կնքել երկկողմ պայմանագրեր։
Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկներն իրավունք ունեն՝
ա) ուսումնամարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակահատվածում ստանալու օրապահիկ, գիշերավարձ, մարզական համազգեստ և հանդերձանք.
բ) օգտվելու ազգային մարզական կենտրոններ (անկախ դրանց սեփականության ձևից) համարվող պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ֆիզկուլտուրային-առողջարարական կառույցներից.
գ) օգտվելու պետական գիտական կենտրոնների, գիտահետազոտական ինստիտուտների, լաբորատորիաների և ուսումնական հաստատությունների փորձակոնստրուկտորական, տեխնոլոգիական և այլ գիտահետազոտական հաստատությունների գիտական բժշկակենսաբանական ու տեխնիկական նվաճումներից.
դ) հիվանդությունների, վնասվածքների դեպքում ստանալու բժշկական օգնություն և սպասարկում բժշկական կազմակերպություններում, շարունակական (դիսպանսերային) հսկողության ծառայություն իրականացնող հաստատություններում՝ հնարավորության դեպքում բժշկական անձնակազմին մշտապես տեղեկացնելով արգելված նյութեր և արգելված մեթոդներ չօգտագործելու պարտավորության մասին, իսկ պարտադիր բուժում նշանակվելու դեպքում օգտվելու թերապևտիկ օգտագործման թույլտվություն ստանալու՝ Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքով սահմանված իրավունքից.
ե) օգտվելու պետական բյուջեի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ֆեդերացիաների և օրենքով չարգելված այլ միջոցներով ձեռք բերված ժամանակակից նյութատեխնիկական հանդերձանքից (մարզագույք, մարզահագուստ և այլն).
զ) արժանանալու մարզական կոչումների՝ «Հայաստանի Հանրապետության սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ», «Հայաստանի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետ», ինչպես նաև ներկայացվելու պարգևատրման՝ Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի և ՀԱՕԿ-ի դիպլոմներով ու պատվոգրերով, կառավարական պարգևներով՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում մարզական բարձրագույն նվաճումների հասնելու, համապատասխան մարզաձևի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար.
է) մարզումներին, մարզական հավաքներին և միջազգային միջոցառումներին մասնակցելու ժամանակ ապահովագրված լինելու դժբախտ պատահարների պատճառած վնասներից.
ը) մասնակցելու անհատական պլանով նախապատրաստման նախագծերի ծրագրմանը, մշակմանն ու վերլուծությանը:
Սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը լիազորված մարմնի ներկայացմամբ սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հավաքական թիմի կազմում ընդգրկված մարզիկները պարտավոր են՝
ա) հանդես գալով Հայաստանի Հանրապետության պետական դրոշի ներքո՝ արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային մրցասպարեզներում՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, միջազգային այլ մրցաշարերում և իրենց նվաճումներով ամրապնդել հայրենիքի մարզական փառքը.
բ) դրսևորել քաղաքացիական դիրքորոշում, բարոյակամային բարձր հատկանիշներ, տիրապետել ֆիզկուլտուրային և սպորտին, օլիմպիական և միջազգային մարզական շարժմանը վերաբերող գիտելիքներին.
գ) անձնական օրինակով նպաստել հավաքական թիմում համերաշխության, ընկերական մթնոլորտի, ազնիվ մրցակցության գաղափարների սերմանմանը, հարգալից վերաբերմունքի ձևավորմանը հավաքական թիմի ղեկավարության, սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.
դ) բարեխղճորեն և ստեղծագործաբար կատարել հավաքական թիմի ղեկավարության հրահանգները, մարզչական կազմի պահանջներն ու խորհուրդները.
ե) տեղեկացված լինել և հետևել արգելված նյութերի և մեթոդների օգտագործման պահանջներին և հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն.
զ) պահպանել համակեցության նորմերը, հասարակական կարգ ու կանոնը.
է) խնամքով վերաբերվել մարզահագուստին, գույքին, հանդերձանքին, սարքավորումներին և մարզական այլ պարագաներին.
ը) ապահովել Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի, ՀԱՕԿ-ի, մարզաձևերի ազգային ֆեդերացիաների և հովանավոր կազմակերպությունների հետ կնքված պայմանագրի պահանջները։
Աշխատանքային կարգապահության խախտումների դեպքում հավաքական թիմի մարզիկ-անդամների նկատմամբ կիրառվում է աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգապահական տույժ։
(18.6-րդ հոդվածը խմբ. 01.03.23 ՀՕ-44-Ն)