Հոդված 18.7. Հավաքական թիմի մարզիչների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները
Հոդված 18.7. Հավաքական թիմի մարզիչների և մասնագետների իրավունքներն ու պարտականությունները
Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պետք է ունենան համապատասխան մասնագիտական բարձրագույն կրթություն, հինգ տարուց ոչ պակաս գործնական աշխատանքի փորձ։ Նրանք նշանակվում են համապատասխան մարզաձևերի ազգային ֆեդերացիաների կողմից։
Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են հետևել հակադոպինգային կանոններին, որոնք ընդունվել են Համաշխարհային հակադոպինգային օրենսգրքի համաձայն:
Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները իրավունք ունեն՝
ա) ստանալու աշխատավարձ, դրամական պարգև, պատվովճար, պարգևատրում, թոշակ, խրախուսման այլ ձևեր` օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում մարզիկների ցուցաբերած մարզական բարձր արդյունքների համար.
բ) ներկայացվելու պետական պարգևների՝ օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, շախմատի օլիմպիադաներում մարզիկների և նրանց մարզիչների ցուցաբերած բարձր նվաճումների համար, «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ», «Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող», «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ» կոչումների շնորհման:
Հավաքական թիմի մարզիչների ու մասնագետների՝ սույն հոդվածով նախատեսված իրավունքների իրականացման համապատասխան կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հավաքական թիմի մարզիչներն ու մասնագետները պարտավոր են՝
ա) ապահովել ուսումնամարզական գործընթացի ժամանակակից մեթոդական և կազմակերպչական մակարդակը, օպերատիվ ու հեռանկարային պլանավորումը՝ միջազգային միջոցառումներին նախապատրաստման և մասնակցության անցած փուլերի վերլուծության հիման վրա.
բ) հավաքական թիմում ստեղծել ընկերական ու գործնական մրցակցության մթնոլորտ, ապահովել հարգալից վերաբերմունքի դրսևորում հավաքական թիմի սպասարկող անձնակազմի, մրցավարների և երկրպագուների նկատմամբ.
գ) հասնել հայկական սպորտի հեղինակության ամրապնդմանը միջազգային մրցասպարեզում.
դ) արժանապատվորեն ներկայացնել Հայաստանի Հանրապետությունը օլիմպիական խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում և միջազգային այլ միջոցառումներում։
(18.7-րդ հոդվածը լրաց. 01.03.23 ՀՕ-44-Ն)