Հոդված 32. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելը
Հոդված 32. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցնելը
(վերնագիրը փոփ. 09.12.20 ՀՕ-494-Ն)
1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունները կասեցվում են`
1) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելու դեպքում մինչև համապատասխան վերջնական որոշման ընդունումը.
2) քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելու դեպքում, եթե նրան վերագրվում է այնպիսի խախտում, որը, սույն օրենքի համաձայն, կարող է պաշտոնից ազատման հիմք հանդիսանալ` մինչև տվյալ հիմքով հարուցված կարգապահական վարույթով վերջնական որոշման ընդունումը:
2. Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների լիազորությունները կասեցնում է նրանց պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող մարմինը:
3. Քննչական կոմիտեի մյուս ծառայողների լիազորությունները կասեցնում է քննչական կոմիտեի նախագահը:
4. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա աշխատավարձը պահպանվում է:
5. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրա պաշտոնը ժամանակավորապես զբաղեցվում է սույն օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերի համաձայն, իսկ դրա անհնարինության դեպքում՝ սույն օրենքով սահմանված հիմքերով քննչական կոմիտեի կադրերի ռեզերվում գտնվող անձանց կողմից մինչև համապատասխան հիմքի վերացումը:
Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերի վերաբերյալ արդարացման որոշման օրինական ուժի մեջ մտնելու դեպքում անձը նշանակվում է իր նախկին պաշտոնում, իսկ դրա անհնարինության կամ համաձայնություն չտալու դեպքում անձին առաջարկվում է այլ հավասարազոր պաշտոն: Եթե նա գրավոր հրաժարվում է հավասարազոր պաշտոնում նշանակվելուց, ապա սույն օրենքի 22.1-ին հոդվածով սահմանված կարգով գրանցվում է կադրերի ռեզերվում:
Պաշտոնը ժամանակավորապես զբաղեցրած անձը, եթե հավասարազոր պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, կամ նա գրավոր հրաժարվում է այլ հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոնի նշանակվելուց, ապա ընդգրկվում է կադրերի ռեզերվում:
(32-րդ հոդվածը փոփ. 17.01.18 ՀՕ-79-Ն, 23.03.18 ՀՕ-311-Ն, փոփ., լրաց. 09.12.20 ՀՕ-494-Ն)