Հոդված 7. Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը
Հոդված 7. Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը
1. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում: Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած՝ Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների նոր հերթական ընտրություններ: Նոր հերթական ընտրությունը նշանակում է Հանրապետության նախագահը հրամանագրով` ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո:
3. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։
4․ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։
(7-րդ հոդվածը լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(հոդվածը 07.05.21 ՀՕ-202-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 01.01.2022 թվականին, իսկ 3-րդ և 4-րդ մասերը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերելի մասով ուժի մեջ են մտնում 26.06.21-ին` համաձայն նույն օրենքի 104-րդ հոդվածի 3-րդ մասի)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի անցումային դրույթ)