Հոդված 7. Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը
Հոդված 7. Ընտրությունների պարտադիրությունն ու պարբերականությունը
1. Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են պարբերաբար՝ Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով սահմանված ժամկետներում:
2. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով տեղի չունեցած ընտրությունները նշանակվում են Հանրապետության նախագահի հրամանագրով՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ ուշ, քան 7 օր հետո, և անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից ոչ շուտ, քան 50, և ոչ ուշ, քան 65 օր հետո։
3. Ռազմական դրության ժամանակ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն նշանակվում և չեն անցկացվում։ Հայաստանի Հանրապետության տարածքի մի մասում արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ նշանակվում և անցկացվում են միայն այն համայնքներում, որոնց տարածքում արտակարգ դրություն հայտարարված չէ։
4․ Ռազմական կամ արտակարգ դրության պատճառով չնշանակված կամ չանցկացված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններն անցկացվում են ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած օրերից առավել մոտ այն օրը, որ պահպանվեն հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները։
(7-րդ հոդվածը լրաց., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն)
(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)