Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 5 · ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 28

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28.

Նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը

(վերնագիրը փոփ. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն)

1. Թեկնածուները, ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում են վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն նախընտրական քարոզչությունն սկսվելուց հետո` 10-րդ օրը, Ազգային ժողովի, համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ավագանիների հերթական ընտրությունների ժամանակ՝ նաև 20-րդ օրը, ինչպես նաև ընտրությունների արդյունքների ամփոփման համար՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Ազգային ժողովի ընտրության երկրորդ փուլ անցկացվելու դեպքում երկրորդ փուլին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագիրը ներկայացնում է վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն՝ ընտրությունների արդյունքների ամփոփման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետից ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Հայտարարագրին կցվում են սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասում նշված, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով կատարված և հայտարարագրման ենթակա այլ ծախսերը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր և այլն)։ Նախընտրական ժողովներ, ընտրողների հետ հանդիպումներ և նախընտրական քարոզչության հետ կապված այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով դահլիճների, տարածքների և ընտրական շտաբների կոմունալ ծախսերը, ինչպես նաև նախընտրական քարոզչության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցների վառելիքի հետ կապված ծախսերը համարվում են հայտարարագրման ոչ ենթակա ծախսեր:

2. Հայտարարագրի էլեկտրոնային ձևը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հայտարարագրի ձևը ներառում է նաև ուղեցույց հայտարարագիրը կազմելու և ներկայացնելու կարգի ու ժամկետների մասին:

3. Հայտարարագրում նշվում են`

1) նախընտրական հիմնադրամ կատարված մուծումների ամսաթիվը, մուծման գումարի չափը և մուծումներ կատարած անձանց անունը, ազգանունը կամ անվանումը,

2) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարված ծախսերը, դրանց կատարման ժամկետը, ծախսերի կատարումը հաստատող փաստաթղթերի տվյալները,

3) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված յուրաքանչյուր աշխատանքի, ծառայության, ապրանք ձեռք բերելու համար կատարվելիք ծախսերը, որոնց վճարումն իրականացվելու է հայտարարագիրը ներկայացնելու՝ սույն օրենսգրքով սահմանված ժամկետից հետո` հայտարարագրին կցելով ծախսերի կատարման անհրաժեշտությունը հավաստող փաստաթղթեր,

4) հիմնադրամում մնացած գումարի չափը:

4. Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում, տեղադրվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:

(28-րդ հոդվածը փոփ. 18.06.20 ՀՕ-333-Ն, փոփ., խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն, խմբ. 05.12.24 ՀՕ-505-Ն)

(18.06.20 ՀՕ-333-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։