Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-11-30-ից մինչև 2023-12-17։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸԳլուխ 2 · ԱՎԱԳԱՆԻՆ

Հոդված 29. Ավագանու նիստը

գործել է մինչև 2023-12-17Բացել ARLIS-ում

Հոդված 29. Ավագանու նիստը

1. Նորընտիր ավագանու առաջին նիստը օրենքի ուժով գումարվում է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ նախորդ ավագանու լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

2. Ավագանու նիստը հրավիրում և վարում է քաղաքապետը, իսկ նրա բացակայության ժամանակ` քաղաքապետի առաջին տեղակալը:

3. Ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է ավագանու անդամների՝ օրենքով սահմանված թվի կեսից ավելին: Եթե կես ժամվա ընթացքում նիստին չի ներկայանում քաղաքապետը կամ նրա առաջին տեղակալը, ապա նիստը վարողի չներկայանալու մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում են ավագանու նիստին ներկայացած անդամները, որից հետո նիստը վարում է ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը:

4. Ավագանու նիստը հրապարակային է: Ավագանու կանոնակարգով սահմանված դեպքերում ավագանու նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն կեսով ընդունված որոշմամբ կարող են անցկացվել դռնփակ քննարկումներ։

Ավագանու հրապարակային նիստերը առցանց հեռարձակվում են Երևանի պաշտոնական համացանցային կայքում: Առցանց (ուղիղ ժամանակային ռեժիմում) հեռարձակման իրականացումն ապահովում է քաղաքապետարանի աշխատակազմը:

5. Քաղաքապետի տեղակալներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, արտահերթ ելույթ ունենալու, ինչպես նաև պատասխանելու հարցերի։

6. Երևանի վարչական շրջանների ղեկավարներն իրավունք ունեն մասնակցելու ավագանու նիստերին, ելույթ ունենալու և պատասխանելու հարցերի:

7. Ավագանու նիստերին քաղաքապետի կամ ավագանու խմբակցությունների հրավերով կարող են մասնակցել, ելույթներ ունենալ և պատասխանել հարցերին նաև այլ անձինք:

7.1. Երևանի ավագանու հրապարակային նիստում, ավագանու անդամներից և հարցի քննարկմանը մասնակցելու իրավունք ունեցող անձանցից բացի, կարող են ներկա լինել՝

1) օրենքով նման իրավունք ունեցող անձինք.

2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը և նրա սահմանած ցանկով նիստի սպասարկումը կամ լուսաբանումն ապահովող Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կամ Երևանի ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները.

3) Երևանի քաղաքապետի կամ նիստը վարողի հրավիրած՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները կամ այլ անձինք:

7.2. Երևանի տեղական ինքնակառավարման մարմինների նստավայրում լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս իրավունք ունեն ներկա լինելու ավագանու հրապարակային նիստերին՝ ավագանու նիստերի դահլիճին անմիջապես կից առանձնացված տեղում, որտեղից ուղղակիորեն տեսանելի և լսելի է ավագանու նիստը:

8. Ավագանու նիստերի գումարման, նիստերում հարցերի քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:

(29-րդ հոդվածը խմբ. 04.10.17 ՀՕ-137-Ն, փոփ. 21.03.18 ՀՕ-179-Ն, լրաց. 23.03.18 ՀՕ-256-Ն, խմբ. 10.09.19 ՀՕ-147-Ն, փոփ. 16.12.21 ՀՕ-429-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։