Հոդված 105. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
Հոդված 105. Իրավական և մասնագիտական հսկողության մարմինները
1. Քաղաքապետի և ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողությունն իրականացնում է իրավական հսկողության բարձրագույն մարմինը` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
2. Ավագանու և քաղաքապետի նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ իրավական հսկողություն իրականացնող բարձրագույն մարմինը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունն է:
3. Քաղաքապետին պատվիրակված յուրաքանչյուր լիազորության նկատմամբ մասնագիտական հսկողություն է իրականացնում մասնագիտական հսկողության համապատասխան բարձրագույն մարմինը. այն պետական մարմինը, որի իրավասության մեջ է մտնում տեղական ինքնակառավարման մարմիններին պետության պատվիրակած տվյալ լիազորությունը: Եթե այդ լիազորությունը չի ներառվում որևէ պետական մարմնի իրավասության մեջ, ապա այդ լիազորության առումով մասնագիտական հսկողության բարձրագույն մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմինը:
3.1. Սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1-ին կետով սահմանված լիազորության նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինն իրականացնում է մասնագիտական հսկողություն:
4. Մասնագիտական հսկողության բարձրագույն մարմինները Երևանում մասնագիտական հսկողություն կարող են իրականացնել բացառիկ դեպքերում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման բնագավառի պետական լիազորված մարմնի համաձայնությունը ստանալուց հետո:
5. Ավագանու և քաղաքապետի կողմից իրականացվող բյուջետային կամ ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացվում է ֆինանսական հսկողություն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
6. Վարչական հսկողություն իրականացնող մարմինների ձեռնարկած միջոցները սահմանվում են «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
(105-րդ հոդվածը փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 17.11.21 ՀՕ-353-Ն)