Հոդված 82. Երևանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
Հոդված 82. Երևանի բյուջեի կատարման հաշվետվության հաստատումը
1. Քաղաքապետը Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ավագանուն ներկայացնում է մինչև հաշվետու բյուջետային տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը:
2. Քաղաքապետի ներկայացրած բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ աուդիտորական վերստուգիչ մարմինն ավագանուն ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները և եզրակացությունները:
3. Ավագանու նիստում քաղաքապետը պատասխանում է ավագանու անդամների հարցերին և տալիս անհրաժեշտ բացատրություններ:
4. Ավագանին բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ անցկացնում է անկախ աուդիտ, իսկ իրավախախտումներ հայտնաբերելու դեպքում կարող է դիմել համապատասխան իրավասու մարմինների:
5. Ավագանին քննարկումն ավարտելուց հետո որոշում է կայացնում բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին:
6. Ավագանու նիստում Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման կարգը սահմանվում է ավագանու կանոնակարգով:
7. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև Երևանի ավագանու կողմից այդ հաշվետվության քննարկման և հաստատման ժամկետը սահմանվում են Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությամբ:
8. Երևանի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկման և հաստատման հետ կապված՝ սույն օրենքով չկարգավորված հարցերը կանոնակարգվում են «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: