Հոդված 12. Ավագանու լիազորությունները
Հոդված 12. Ավագանու լիազորությունները
1. Ավագանին`
1) ընդունում է իր կանոնակարգը.
2) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընտրում է քաղաքապետին.
3) սույն օրենքով սահմանված կարգով որոշում է ընդունում քաղաքապետին անվստահություն հայտնելու վերաբերյալ.
4) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում Երևանի քաղաքապետարանի (այսուհետ` քաղաքապետարան) և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կանոնադրության, կառուցվածքի և հաստիքացուցակի վերաբերյալ.
5) որոշում է ընդունում քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ: Քաղաքապետի պաշտոնային դրույքաչափը չի կարող գերազանցել Ազգային ժողովի պատգամավորի պաշտոնային դրույքաչափի կրկնակին.
6) օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմաններում սահմանում է տեղական հարկեր և տուրքեր, համայնքի մատուցած ծառայությունների դիմաց սահմանում է վճարներ (ներառյալ` վարչական շրջանի ղեկավարի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի պահպանման նպատակով պարտադիր նորմերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ վճարներ):
Նշված լիազորության իրականացման ընթացքում ավագանին կարող է առաջնորդվել գոտիավորման սկզբունքով, ընդ որում` տարբեր հարկերի, տուրքերի, վճարների համար կարող են սահմանվել տարբեր գոտիավորումներ.
7) որոշում է ընդունում Երևանի սեփականություն համարվող գույքի կառավարման կարգի վերաբերյալ.
8) սահմանում է Երևանի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը.
9) որոշում է ընդունում այն մասին, թե որ գույքն է հանձնվում վարչական շրջանների ղեկավարների կառավարմանը.
10) որոշում է ընդունում այն մասին, թե Երևանի ենթակայության որ կազմակերպություններն են հանձնվում վարչական շրջանների ղեկավարների ենթակայությանը.
11) որոշում է ընդունում Երևանի զարգացման միամյա, հնգամյա, երկարաժամկետ և հատուկ ծրագրերի վերաբերյալ.
12) որոշում է ընդունում վարկերի, փոխատվությունների և օրենքով սահմանված կարգով այլ փոխառու միջոցների ներգրավման վերաբերյալ.
13) ի լրումն քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված նորմերի` կարող է սահմանել Երևանում գործող նորմերի իրականացման լրացուցիչ պայմաններ.
14) որոշում է ընդունում Երևանի ենթակայության կազմակերպությունների ստեղծման, վերակազմակերպման, լուծարման, կանոնադրության կամ դրա փոփոխությունների հաստատման, ինչպես նաև այլ կազմակերպություններում Երևանի մասնակցության և այդ մասնակցության դադարեցման մասին.
15) որոշում է ընդունում հիմնարկի կարգավիճակ ունեցող` Երևանի ենթակայության կազմակերպությունների կառուցվածքի, աշխատակիցների քանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի վերաբերյալ.
16) որոշում է ընդունում Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրի, բյուջեի, դրանց փոփոխությունների վերաբերյալ.
17) վերահսկողություն է իրականացնում բյուջեի կատարման նկատմամբ, իրավասու է որոշելու բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մանրամասները, վերացնելու բյուջետային միջոցները տնօրինելու վերաբերյալ քաղաքապետի համապատասխան որոշումները, քննարկելու և որոշում ընդունելու բյուջեի կատարման մասին քաղաքապետի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
18) որոշում է ընդունում Երևանի սեփականություն հանդիսացող գույքը օգտագործման տրամադրելու և օտարման տարեկան ծրագրի (ներառյալ` իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում համայնքի մասնակցության) վերաբերյալ, որում պետք է նշվեն օգտագործման տրամադրման կամ օտարման եղանակը, ժամկետները, նպատակը, օգտագործման տրամադրման դեպքում` օգտագործման ժամկետը և վճարի չափը, ուղղակի վաճառքի դեպքում` վաճառքի գինը, իսկ հրապարակային սակարկությունների դեպքում` մեկնարկային գինը, ընդ որում` հողամասերի օտարման տարեկան ծրագրի մեջ պետք է նշվեն նաև հողամասերի գտնվելու վայրը, ծածկագրերը, Երևանի գլխավոր հատակագծով սահմանված նպատակները և օտարման եղանակները: «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված հուշարձանների, այդ թվում՝ հուշարձանների պետական ցուցակներում ներառված պաշտամունքային կառույցների հատուցմամբ կամ անհատույց օտարման դեպքում կիրառվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքով սահմանված կարգավորումները.
19) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծի, դրա փոփոխությունների, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20) որոշում է ընդունում Երևան քաղաքի գլխավոր հատակագծին համապատասխան մշակված` Երևան քաղաքի առանձին տարածքների գոտիավորման նախագծերի, ինչպես նաև նախագծման առաջադրանքի վերաբերյալ.
20.1) որոշում է ընդունում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության մասին.
21) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է ընդունում այլ քաղաքների և այլ վարչատարածքային միավորների հետ համագործակցության մասին պայմանագրերը հաստատելու վերաբերյալ.
22) քաղաքապետի կամ ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ ավագանու անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունում է տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում.
23) որոշում է ընդունում Երևանի փողոցների, պողոտաների, հրապարակների, զբոսայգիների, Երևանի ենթակայության կրթական, մշակութային և այլ կազմակերպությունների անվանակոչման և անվանափոխման վերաբերյալ: Բացառիկ դեպքերում նշանավոր որևէ անհատի անվամբ մինչև նրա մահվան հինգ տարին լրանալը անվանակոչում կամ անվանափոխում կատարելու վերաբերյալ կայացնում է որոշում այդ նպատակով անցկացված հանրային լսումների արդյունքների հիման վրա: Մանկապատանեկան մարզական կազմակերպությունների անվանակոչումը և անվանափոխումը կատարվում են Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի համաձայն.
24) ի լրումն առևտրի, հասարակական սննդի և սպասարկման ոլորտում գործունեության կանոնների` սահմանում է Երևանում այդ կանոնների կիրառման լրացուցիչ պայմանները, ինչպես նաև լրացուցիչ կանոններ.
24.1) սահմանում է Երևանում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում, ըստ դրանց գտնվելու վայրերի, առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն).
24.2) սահմանում է մշակութային գործունեության իրականացման նպատակով Երևան քաղաքի հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները.
25) սահմանում է առևտրի և սպասարկման ոլորտի կազմակերպությունների որակավորման աստիճանների չափորոշիչներն ու շնորհման կարգը.
25.1) սահմանում է շրջիկ առևտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, ժամկետները, շրջիկ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, պայմանները և գործունեության իրականացման ժամերը, ինչպես նաև վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները.
25.2) սահմանում է շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը և շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու համար վճարների չափը.
25.3) սահմանում է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում (փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլ տարածքներ) շրջածախ առևտրի իրականացմանը ներկայացվող պահանջները, պայմանները, շրջածախ առևտուր իրականացնելու միջոցով վաճառվող ապրանքների տեսակները և շրջածախ առևտրի իրականացման թույլատրելի վայրերը.
26) Հայաստանի Հանրապետությունում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի կանոններին համապատասխան` որոշում է ընդունում Երևանում ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
27) որոշում է ընդունում Երևանում տոնավաճառներ կազմակերպելու, ինչպես նաև բացօթյա վաճառք կազմակերպելու լրացուցիչ պայմանների վերաբերյալ.
28) որոշում է ընդունում Երևանում սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը (հեռավորությանը) ներկայացվող պահանջների վերաբերյալ.
29) որոշում է ընդունում Երևանում գտնվող գերեզմանատների գործունեության և դրանց պահպանման աշխատանքների կազմակերպման և իրականացման կարգի վերաբերյալ.
29.1) սահմանում է այն շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները, որտեղ իրականացվում են և (կամ) մատուցվում են քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ.
30) որոշում է ընդունում Երևանի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների պահպանման և օգտագործման կանոնների վերաբերյալ.
30.1) իրականացնում է «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ.
31) սահմանում է քաղաքային նշանակության գովազդային գոտին (քարտեզի տեսքով), քաղաքային նշանակության փողոցները, հրապարակները, այգիները.
32) սահմանում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտին (քարտեզի տեսքով), ինչպես նաև այն պայմանները, որոնց պարագայում քաղաքաշինական գործունեությունը թեև իրականացվում է քաղաքային նշանակության քաղաքաշինական գոտուց դուրս, սակայն ունի քաղաքային նշանակություն.
33) տեղական ինքնակառավարմանը վերաբերող և օրենքով այլ մարմինների լիազորություններին չվերապահված հարցերի վերաբերյալ ընդունում է իրավական ակտեր.
34) որոշում է ընդունում Երևանի քաղաքաշինական կանոնադրության վերաբերյալ.
35) քաղաքապետի առաջարկությամբ որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու վերաբերյալ.
36) քաղաքապետի առաջարկությամբ սահմանում է քաղաքապետին և վարչական շրջանի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհուրդների կազմավորման և գործունեության կարգը, լիազորությունները.
37) քաղաքապետի ներկայացմամբ որոշում է կամավոր խնդիրների լուծման նպատակով սահմանված սեփական լիազորությունների իրականացման կարգը և անհրաժեշտ ֆինանսական միջոցները.
38) սահմանում է Երևանում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը.
39) սահմանում է Երևանում հանրային սննդի ծառայություն մատուցող անձանց՝ տվյալ օբյեկտին հարակից ընդհանուր օգտագործման տարածքներում ամառային (մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը ներառյալ) և ձմեռային (նոյեմբերի 1-ից ապրիլի 30-ը ներառյալ) սեզոններին հանրային սննդի ծառայության կազմակերպման համար տարածքի օգտագործման կարգը, պայմաններն ու սահմանափակումները.
40) սահմանում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված թույլտվությունների տրամադրման կարգը, բացառությամբ տեղական տուրքերի կամ վճարների այն տեսակների, որոնց թույլտվությունների տրամադրման կարգը սահմանված է օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով.
41) օրինակելի կանոնադրության հիման վրա հաստատում է Երևանի քաղաքապետի կողմից կամ համագործակցությամբ ստեղծվող երիտասարդական կենտրոնի կանոնադրությունը, ինչպես նաև աշխատանքային պլանը:
42)
2. Իրականացնում է սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով սահմանված այլ լիազորություններ:
(12-րդ հոդվածը խմբ., լրաց. 23.06.11 ՀՕ-229-Ն, լրաց. 23.06.11 ՀՕ-239-Ն, լրաց., խմբ. 08.12.11 ՀՕ-345-Ն, խմբ. 08.02.12 ՀՕ-15-Ն, լրաց. 26.02.15 ՀՕ-8-Ն, խմբ., լրաց., փոփ. 04.10.17 ՀՕ-137-Ն, լրաց. 21.03.18 ՀՕ-200-Ն, փոփ. 13.06.18 ՀՕ-350-Ն, լրաց., խմբ. 11.09.18 ՀՕ-379-Ն, լրաց. 24.01.20 ՀՕ-84-Ն, 06.03.20 ՀՕ-102-Ն, խմբ. 17.11.21 ՀՕ-355-Ն, լրաց. 16.12.21 ՀՕ-425-Ն, խմբ. 25.05.22 ՀՕ-135-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-113-Ն, խմբ. 13.07.23 ՀՕ-262-Ն, լրաց. 05.03.25 ՀՕ-60-Ն, 29.05.25 ՀՕ-125-Ն, 04.03.26 ՀՕ-79-Ն)
(հոդվածը 18.04.25 ՀՕ-92-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)